Անվտանգային առումով կարևոր գործոն է ճանապարհների լուսավորության հարցը: Եվ մենք հիմա փորձում ենք առաջին խոշոր ծրագիրն իրականացնել. դա Երևանից Դիլիջան հատվածի լուսավորության ցանցի անցկացումն է, որի ուղղությամբ նախագծման աշխատանքների պատվիրումն իրականացվել է: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով թեմային, նախ իր փորձը ներկայացրեց՝ նշելով, որ բազմաթիվ երկրներում մեքենա վարելու առիթ է ունեցել, և որ այդ երկրների գերակշիռ մասում միջքաղաքային ճանապարհները լուսավորված չեն: Հատուկ տեխնոլոգիաներով լուսավորված են ճանապարհի եզրագոտիները, մեջտեղի կետագծերը ոչ միայն ներկանյութի, այլև անդրադարձնող նյութերի միջոցով, ինչը բավարար է, որպեսզի վարորդն անվտանգ մեքենա վարի:
«Երևանից Դիլիջան լուսավորության ցանց անցկացնելու համար ահռելի միջոցներ են անհրաժեշտ, չգիտեմ՝ արդյոք հիմնավորվա՞ծ է կամ այդքան պահանջվա՞ծ է նման ներդրումների գնալ այն դեպքում, երբ կարելի է ճանապարհների անդրադարձնող սարքերի, ներկանյութերի և համապատասխան այլ կահավորանքի միջոցով խնդիրը լուծել»,- ասաց Հակոբ Արշակյանը՝ որպես օրինակ ներկայացնելով ԱՄՆ-ի փորձը և առաջարկելով այն տեղայնացնել:
Գնել Սանոսյանը պարզաբանեց, թե ինչու են որոշել գիշերային լուսավորություն անցկացնել, և թե ինչու է գիշերային լուսավորության համար ընտրվել Երևանից Դիլիջան ուղղությունը:
«Հանրապետության մի շարք ճանապարհներին ունենք մի շարք չափիչ սարքեր, որոնք չափում են օրվա ընթացքում այդ ճանապարհներով երթևեկության ինտենսիվությունը, և այս ուղղությունը, որ ես նշեցի, մեր հանրապետության ամենածանրաբեռնված ուղղությունն է, և տարվա ընթացքում գրեթե միշտ այդ ինտենսիվությունը պահպանվում է, և կարծում ենք՝ արդարացված է այդ առումով փորձել, լուսավորության այս մեթոդով կանխել կամ հեշտացնել երթևեկությունը»,- ասաց Սանոսյանը:
Անդրադառնալով ճանապարհների կահավորման ստանդարտներին՝ նախարարը տեղեկացրեց, որ իրականացվող ծրագրերում նոր ներկանյութով են գծանշումներն արվում:
«Երթևեկելիս կնկատեք, որ այն ճանապարհները, որոնք նոր են հիմնանորոգվում կամ միջին նորոգման ենթարկվում, ինչպես Դուք նշեցիք (Հակոբ Արշակյանը - խմբ.), թեև մի քանի անգամ՝ 7-8 անգամ, թանկ է այդ ներկը, քան ստանդարտ ներկանյութը, որ կիրառվում է, բայց, այնուամենայնիվ, օգտակարությունը շատ բարձր է, և եթե հաշվի առնենք երկարակեցությունը, կարծում ենք՝ շատ արդարացված է»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ ճանապարհներին մոտ 8000 լրացուցիչ նշաններ են տեղադրվել, բայց այդքանը դեռ բավարար չէ: