Գյումրու չոր նավահանգիստը թաքնված արտացոլում ունի նաև այս տարվա բյուջեում, որովհետև մենք պատվիրել ենք, և հիմա իրագործման ընթացքում է խոր տեխնիկատնտեսական վերլուծությունը, որն անում է հոլանդական MTBS ընկերությունը: ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Ընկերության կողմից տրամադրված նախնական զեկույցը ցույց է տալիս, որ կա բավարար պահանջարկ չոր ինդուստրիալ պարկի կառուցման համար: Ըստ պլանի՝ մինչև տարվա վերջ մենք կունենանք վերջնական զեկույցը, որից հետո հանրային ներդրումային կոմիտեն ևս մեկ անգամ պետք է որոշում կայացնի այդ ծրագրի շարունակելու վերաբերյալ և համապատասխան ներդրումներ իրականացնելու վերաբերյալ: Դեկտեմբերին մենք կունենանք Հանրային ներդրումային կոմիտե, որտեղ կքննարկենք Գյումրու չոր ինդուստրիալ պարկի ներդրումային ծրագիրը: Մեծ է հավանականությունը, որ մենք հավանություն կստանանք այդ ծրագրի իրականացման համար: Դրանից հետո արդեն կախված կլինի մոդելից, թե ինչպես ենք դա անում: Հավանաբար դա կլինի պետություն-մասնավոր գործընկերություն, մենք պետք է փորձենք ներգրավել առաջնակարգ օպերատոր տարբեր երկրներից, որը կկարողանա բարձր մակարդակի կառավարում իրականացնել թե՛ ինդուստրիալ պարկի հատվածում, թե՛ լոգիստիկ հատվածում»,- ասաց Քերոբյանը:
Նա հավանական է համարում, որ 2024 թվականին ծրագիրը կարող է գործնական փուլ մտնել:
«Կարծում եմ, որ 2024 թվականին մենք անպայման կանցնենք տենդերի նախապատրաստման և իրականացման փուլերով և կարծում եմ՝ նույնիսկ կարող ենք հուսալ, որ 2024 թվականին որոշ շինարարական աշխատանքներ կսկսվեն»,- ասաց Քերոբյանը:
Նախարարն այդ ծրագիրը տարբեր երկրներում ներկայացրել է. Մեծ Բրիտանիայում, դրանից առաջ՝ Չինաստանում և ԱՄԷ-ում: «Մենք տարբեր միջավայրերում, տարբեր գործարար համաժողովներում պարբերաբար ներկայացնում ենք մեր ծրագիրը, և կարող եմ ասել, որ դա բավականին լավ է ընկալվում, և այսօր մենք ունենք հետաքրքրություններ թե՛ Ծոցի երկրներից, թե՛՛ Հարավարևելյան Ասիայից»,- նշեց Վահան Քերոբյանը: