ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը և հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը, որոնք նաև ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներ են, հոկտեմբերի 31-ին ընդունել են Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Ռուստամ Բաքոյանն ընդգծել է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումն ու բարեկամական հարաբերությունները: Հանձնաժողովի փոխնախագահը դեսպանին տեղեկացրել է վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցած գործընթացների մասին՝ նշելով, որ Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած են դժվարությունների և մարտահրավերների առջև: «ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար հայեր եկել են Հայաստան: 2020 թվականից հետո Ադրբեջանը պարբերաբար հարձակվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա, և այդ ռիսկերն այսօր էլ գոյություն ունեն»,-ասել է Ռուստամ Բաքոյանը և հավելել, որ ավելի քան 9 ամիս Ադրբեջանը շրջափակման մեջ է պահելԼեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչությանը, որից հետո՝ սեպտեմբերի 19-ին, տեղի է ունեցել ռազմական ագրեսիան՝ իր բոլոր հետևանքներով: Հանձնաժողովի փոխնախագահի տեղեկացմամբ ռուս խաղաղապահների զորախումբն այդ իրավիճակում չի կատարել եռակողմ պայմանագրով իրստանձնած պարտավորությունները, ինչի հետևանքով զոհվել են հարյուրավոր հայեր,իսկ նրանցից շատերը ենթարկվել են անդամահատումների և անարգումների: Այսինքն՝ տեղի են ունեցել մարդասիրական իրավունքի բազմաթիվ խախտումներ:«Այս առումով անհրաժեշտ եմ համարում Ադրբեջանի հանցավոր և անթույլատրելի գործողությունների վերաբերյալ մեր միջազգային գործընկերների հասցեական արձագանքը: Իր հանցավոր վարքագծով Ադրբեջանը խաթարում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը՝ կոպտորեն խախտելով մարդու իրավունքներն ու հումանիտար իրավունքները, գոյաբանական սպառնալիք հանդիսանալով ամբողջ հայության համար»,-ասել է Ռուստամ Բաքոյանը՝ նշելով նաև պաշտոնական Ադրբեջանի ցինիկ հռետորաբանությունը՝ կապված, այսպես ասած, «Արևմտյան Ադրբեջանի» հետ՝ նկատի ունենալով Հայաստանի տարածքները՝ Սևանից մինչև Սյունիք: «Կարծում եմ, որ Ադրբեջանի տարածքային ակնկալիքներն ու հանցավոր գործողությունները պետք է զսպել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ»,- նշել է հանձնաժողովի փոխնախագահը:
Դեսպան Վիկտոր Ռիխտերը նույնպես բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունները՝ շեշտելով, որ Գերմանիան մշտապես Հայաստանի կողքին է, և բարեփոխումների ճանապարհին աջակցում է Հայաստանին: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Վիկտոր Ռիխտերն ընդգծել է, որ Գերմանիան դատապարտում է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը ԼՂ բնակչության նկատմամբ և իր աջակցությունն է հայտնում բռնի տեղահանվածներին: «Գերմանիան աջակցում է նաև խաղաղության գործընթացին և աջակից է խաղաղության գործընթացի շուրջ բանակցություններին: Գերմանիան հույս ունի, որ երկու կողմերը կհասնեն արդար խաղաղության, որը երկարատև կայունություն կապահովի տարածաշրջանում»,- ասել է դեսպանը: Նրա խոսքով Գերմանիան տարբեր հարթակներում դատապարտել է Ադրբեջանի ռազմական դիրքորոշումներն ու ագրեսիաները և կարծում է, որ ուժի կիրառումը չպետք է անհետևանք մնա: «ԵՄ-ում, ցավոք, չկա միասնական կոնսենսուս պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ»,- հայտնել է գերմանացի պաշտոնյան:
«Չափազանց կարևորում եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությանը և ամենակարևորը՝ խաղաղության գործընթացին: Եվ չափազանց կարևոր էր վերջերս Կանադայում ստորագրված հայտարարության տեքստը, որտեղ, ըստ էության, Գերմանիան իր աջակցությունը հայտնեց Հայաստանի տարածքային ամբողջականությանը, և իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունների պահպանմանը»,- իր խոսքում նշել է հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը՝ կարծիք հայտնելով, որ հանդիպումն ավելի արդյունավետ կլիներ, եթե հանդիպմանը մասնակցեր նաև Ադրբեջանը, ինչպես նախատեսված էր:
Արթուր Հովհաննիսյանը դեսպանին ներկայացրել է նաև մեր երկրի՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը, ինչի նպատակով էլ նախաձեռնվել և մշակվել է «Խաղաղության խաչմերուկ» անվանումը ստացած նախագիծը, որում ներկայացվում է կոմունիկացիաների բացման վերաբերյալ Հայաստանի առաջարկը:
Այս համատեքստում դեսպան Ռիխտերը տպավորիչ է համարել Հայաստանի ջանքերը՝ նշելով, որ հայկական կողմը, իսկապես, կառուցողական մոտեցում ունի խաղաղության գործընթացին: