Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ելույթի ժամանակ ԲՏԱ ոլորտին առնչվող մի քանի դիտարկում ներկայացնելով:
Ըստ Հակոբ Արշակյանի՝ այս ոլորտում նախորդ տարի 60 տոկոսից ավելի աճ է արձանագրվել, աշխատակիցների քանակը գերազանցում է 43 հազարը, իսկ ՀՆԱ-ում կշիռը գերազանցում է 5,1 տոկոսը:
«Երկմտանքի տեղիք չի տալիս այն փաստը, որ Հայաստանը մրցակցային առավելության տեսանկյունից բարձր տեխնոլոգիաների ոլորտում ուղղակի մրցակից չունի: Այսինքն՝ Հայաստանն այլ երկրների հետ մրցակցելու, արդյունաբերությունը զարգացնելու տեսանկյունից մրցակցային բոլոր պարամետրերով առաջին տեղում է։ Դա ցույց է տալիս նաև ոլորտի շարունակական աճը»,- ասաց Արշակյանը:
ԱԺ փոխնախագահը նաև տեղեկացրեց, որ պետական աջակցության ծրագրերից մեկով շուրջ 12 միլիարդ դրամ աջակցություն է տրվել այն ընկերություններին, որոնք դոլարի փոխարժեքի պատճառով կա՛մ տուժել են իրենց կնքած պայմանագրերի շրջանակում, կա՛մ կարող էին ռիսկ ունենալ։