Փարիզում անցկացված «Ոսկե գնդակի» 67-րդ մրցանակաբաշխության ժամանակ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Ֆրանս Ֆուտբոլի վարկածով 8-րդ անգամ ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ և նվաճել պատվավոր մրցանակը:
Անցած մրցաշրջանում Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ նվաճել է աշխարհի գավաթը, ՊՍԺ-ի հետ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և սուպերգավաթակիր։ Նվաճած Ոսկե գնդակների ռեկորդային քանակով Մեսսին մեծացրել է իր առավելությունը Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ: Պորտուգալացին մրցանակը ստացել է հինգ անգամ: 36-ամյա արգենտինացին նորագույն ժամանակում Ոսկե գնդակը նվաճած ամենատարեց ֆուտբոլիստն է:
1956 թվականին սըր Սթենլի Մեթյուզը մրցանակը ստացել էր 41 տարեկանում: Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստացել է Ռայմոն Կոպայի մրցանակը, որը տրվում է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։ Անցած մրցաշրջանում անգլիացին խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում», որի կազմում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանը արժանացել է աշխարհի լավագույն ռմբարկուի մրցանակին, որը կրում է լեգենդար գերմանացի Գերդ Մյուլերի անունը։ Անցած մրցաշրջանում Հոլանդը խփել է 56 գոլ։
Կատալոնական «Բարսելոնայի» խաղացող Այտանա Բոնմատին նվաճել է կանանց Ոսկե գնդակը: Իսպանուհին անցած մրցաշրջանում իր հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ ակումբի հետ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
«Մանչեսթեր Սիթին» ճանաչվել է տարվա լավագույն թիմ, «Բարսելոնան»՝ տարվա լավագույն կանանց թիմ, Արգենտինայի հավաքականի և «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը նվաճել է Լև Յաշինի մրցանակը, իսկ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ֆուտբոլից դուրս ծավալած գործունեության համար ստացել է Սոկրատեսի անվան մրցանակը: