2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքվել է 1 տրիլիոն 617 միլիարդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 211 միլիարդ դրամով կամ 15 տոկոսով: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս ասաց ԿԵ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Եթե առանձին հարկատեսակները նայենք, ավելացված արժեքի հարկն աճել է 33,3 տոկոսով կամ նախորդ տարվա համեմատությամբ՝ 70,4 միլիարդ դրամով:
Ակցիզային հարկը 5,9 տոկոս է կազմում, նախորդ տարվանից ավելի է 10,6 միլիարդ դրամով կամ 12,4 տոկոսով:
Շահութահարկը 17,1 տոկոս է կամ 84 միլիարդով ավելի, քան նախորդ տարի:
Շրջանառության հարկը 2,3 տոկոսով է ավելի կամ 8,6 միլիարդով դրամ կամ 29,8 տոկոսով:
25 տոկոս ապահովվել է եկամտային հարկի հաշվին: Գումարը կազմել է 404,8 միլիարդ դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համեմատ ավելի է 56,2 միլիարդ դրամով կամ 16,1 տոկոսով»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ ընդգծելով, որ վերոնշյալ ցուցանիշներին հասել են այն պարագայում, երբ հարկերի դրույքաչափը տարեցտարի եկամտային հարկի նվազում է:
«[Եկամտային հարկը] ևս 1 տոկոսով նվազել է, և եկամտային հարկի գծով վերադարձը կազմել է 44,6 միլիարդ դրամ, ինչը նվազեցվում է մուտքերից, և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14,2 միլիարդով կամ 46,6 տոկոսով: Այսինքն՝ թեև ամեն տարի մենք շատ ավելի շատ վերադարձնում ենք, և հիմնական հատվածը՝ հիպոտեկի գծով, բայց ապահովում ենք նաև նման աճ»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Ռուստամ Բադասյանը նաև տեղեկացրեց, որ 2023 հունվար-սեպտեմբեր ամիսներին եկամտային հարկի վերադարձը կազմել է 265,2 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 92,2 միլիարդ դրամով կամ 54,2 տոկոսով:
ԱԱՀ-ի գումարը 216,8 միլիարդ դրամ է, ինչը 76,8 միլիարդ դրամով է ավելի կամ 54,9 տոկոսով, իսկ եկամտային հարկի վերադարձը 44,6 միլիարդ է, որից 37,5 միլիարդը հիպոտեկային վարկերի սպասարկման գումարներն են: Այս ցուցանիշը 14,2 միլիարդով ավելի է նախորդ ժամանակահատվածներից. դա կազմում է շուրջ 46,6 տոկոս: