ԱԺ-ում լրագրողները ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարց ուղղեցին պետական պարտքի ավելանալու վերաբերյալ:
«Ռիսկեր չկան: Պարտքն ավելանում է, որովհետև մեր բյուջեն ունի դեֆիցիտ: Ամեն տարի ունենում ենք ՀՆԱ-ի 3 տոկոսին մոտ դեֆիցիտ: 2024 թվականի համար մենք ունենք 3 տրիլիոն 17 մլրդ-ի ծախս, բայց ունենք դրանից 340 մլրդ-ով քիչ եկամուտ, և 340 մլրդ պարտք պետք է վերցնենք: Հիմա դա քննարկում ենք»,- ասաց նախարարը՝ նշելով՝ այլ հարց է, որ մեր եկամուտները պետք է ավելի արագ աճեն, քան մեր պարտքը, որպեսզի խնդիր չունենանք:
«Բացարձակ թիվը, թե Հայաստանի պարտքը 10 մլրդ է թե 11 մլրդ, էական չէ, էական է, թե դա ինչ հարաբերություն ունի մեր եկամուտների կամ մեր ՀՆԱ-ի մեջ: Իսկ դա որևէ խնդիր չէ, որովհետև մեր պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը մյուս տարվա վերջում պլանավորում ենք, որ կլինի 50 տոկոսից ցածր, մասնավորապես՝ 48.4 տոկոս»,- նշեց Վահե Հովհաննիսյանը: