ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց ՊԵԿ-ի, ԲՏԱ նախարարության, էկոնոմիկայի նախարարության, Կադաստրի և Քաղաքաշինության կոմիտեների՝ 2024 թվականի ծախսերը:
Ըստ այդմ՝ 2024 թվականին հարկային եկամուտներն ակնկալվում են 2 տրլն 566 մլրդ դրամի մակարդակում: ՊԵԿ-ի ծախսերը 2024-ի նախագծով կկազմեն 36 միլիարդ 369 միլիոն դրամ: Գրեթե 80 տոկոսը կազմում են ընթացիկ ծախսերը, իսկ 20 տոկոսը՝ կապիտալ ծախսերը: Ըստ նախարարի՝ ՊԵԿ-ի ծախսերը 2023 թվականի համեմատ ավելին կլինեն շուրջ 2 միլիարդ 654 միլիոն դրամով:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծախսերը կկազմեն 17,9 միլիարդ դրամ՝ ռազմաարդյունաբերության մասը հանած: 13 միլիարդ դրամը կապիտալ ծախսերի գծով է, իսկ 4,2 միլիարդ դրամը՝ ընթացիկ ծախսերի: Ըստ նախարարի՝ անցած տարվա համեմատությամբ ընթացիկ ծախսերը պակասել են, իսկ կապիտալ ծախսերը՝ ավելացել: Ընդհանուր առմամբ, 2023-ի համեմատությամբ 6 միլիարդ դրամով ավելի ծախս է նախատեսված մյուս տարվա համար:
Տնտեսական ծրագրերի մասով էկոնոմիկայի նախարարության բյուջեն կկազմի 46 միլիարդ դրամ: Ըստ Վահե Հավհաննիսյանի՝ այստեղ զգալի ավելացումներ են ապահովվել, այն է՝ շուրջ 20 միլիարդ դրամով ավելացրել է էկոնոմիկայի նախարարության բյուջեն: Մեծ մասը տնտեսության տարբեր ոլորտներին աջակցության ծրագրերին է ուղղված լինելու:
Կադաստրի կոմիտեի բյուջեն 2024-ի նախագծով կազմում է 4 միլիարդ 497 միլիոն դրամ, որը գրեթե նույն մակարդակի վրա է, ինչ 2023-ին:
Ամենածախսող նախարարությունը, ինչպես նախարարն է ընդգծում, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է: 2024-ի նախագծով տնտեսության ոլորտին առնչվող ծրագրերով նախարարությանը հատկացվել է 172 միլիարդ դրամ: Սա 2 միլիարդ 614 միլիոն դրամով ավելի է, քան նախորդ տարի: Կապիտալ ծախսերը կազմում եմ 141 միլիարդ դրամ, ընթացիկ ծախսերը՝ 30 միլիարդ դրամ:
Քաղաքաշինության կոմիտեում բյուջեի նախագիծը կազմում է 5 միլիարդ դրամ՝ 2 միլիարդ դրամով ավելի 2023 թվականից:
«Իհարկե, որպես բյուջետային ստորադաս կարգադրիչ, Քաղաքաշինության կոմիտեն բավականին մեծ բյուջե է իրականացնում, այդ ծախսերը ներառված են մեր տարբեր գերատեսչություններում»,- ասաց նախարարը, ապա պարզաբանեց, որ 1 ծրագրի և 8 միջոցառումների գծով է Քաղաքաշինության կոմիտեն հանդիսանում բյուջետային գլխավոր կարգադրիչ:
Մրցակցության պաշտպանության բյուջեն կազմում է 739 միլիոն դրամ՝ նախորդ տարվանից ավելի է 44 միլիոն դրամով: Նախատեսվում է իրականացնել 1 ծրագիր, 2 միջոցառում, Այդ միջոցառումներն են ՀՀ-ում տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում քաղաքականության մշակում և վերահսկողություն, ինչպես նաև Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին ամրագրված վարչական շենքի վերակառուցում, նախագծահաշվային աշխատանքների իրականացում, նախագծային-հաշվարկային փաստաթղթերի ձեռքբերում: