Մախաչկալայի օդանավակայանում անկարգությունների հետևանքով տուժել է 9 ոստիկան, վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, նրանցից երկուսը հիվանդանոցում են: Այս մասին հայտնել են Դաղստանի ՆԳ նախարարությունից` տեղեկացնելով, որ շարունակվում են անկարգությունների մասնակիցների որոնումները:
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Մախաչկալայի օդանավակայանի մոտ բազմություն էր հավաքվել։ Պատճառը Red Wings ավիաընկերության չվերթն էր Թել Ավիվից։ Դաղստանցիները ներխուժել են օդանավակայան և խուզարկել տարածքը՝ «Իսրայելից ժամանած հրեաներին» գտնելու համար։
Տեղի իշխանություններն ու անվտանգության ուժերը երկար ժամանակ քայլեր չեն ձեռնարկել անկարգությունները կանխելու ուղղությամբ։ Օդանավակայան հատուկջոկատայիններ են բերվել միայն այն բանից հետո, երբ ամբոխը շրջապատել է ինքնաթիռը:
Ոստիկաններն արդեն նույնականացրել են օդանավակայանի անկարգությունների ավելի քան 150 մասնակցի, նրանցից 60-ը ձերբակալվել են:
Անկարգությունների բոլոր մասնակիցներին հայտնաբերելու աշխատանքները շարունակվում են: