Իսրայելի գործողությունը Գազայի հատվածում կարող է տևել վեց շաբաթից մինչև վեց ամիս, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ինչպես հաղորդվում է հաղորդագրության մեջ, ԱՄՆ-ն ու մյուս դաշնակիցները ճնշում են գործադրում Իսրայելի վրա, որպեսզի հրեական պետությունը կոնկրետացնի իր թիրախները, ինչպես նաև հաղորդի, թե ինչ է տեղի ունենալու հետո:
Պաշտոնյաների խոսքով՝ այս գործողությունը այլ նպատակ է հետապնդում, ի տարբերություն Գազայի հատվածի նախորդ հակամարտությունների, երբ պլանը այն էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը «թուլանա, սակայն ոտքերի վրա կանգուն մնա»:
«Ներկայումս Իսրայելի կառավարությունը ցանկանում է ոչնչացնել շարժումը ու ապահովել, որ Գազան այլևս չլինի հակաիսրայելական բռնության աղբյուր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Bloomberg-ի աղբյուրները նաև հայտնել են, որ Իսրայելի անվտանգության ուժերը ստեղծել են խումբ, որի թիրախները լինելու են ՀԱՄԱՍ-ի բոլոր առաջնորդները, որոնք առնչություն ունեն հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա կատարված հարձակումների հետ:
Բացի այդ՝ աղբյուրների տեղեկություններով, Իսրայելը պատրաստվում է անվտանգության գոտի ստեղծել Գազայից հարվածները կանխելու նպատակով: