Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից:
«Հանդիպման ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Եվրոպական միության դեսպանին է ներկայացրել վերջին մեկ տարում դատական համակարգում կատարված հսկայածավալ բարեփոխումներն ու արձանագրված ձեռքբերումները, որոնց դրական հետևանքները քաղաքացիներն իրենց կյանքում կզգան արդեն 2024 թվականի առաջին ամիսներից: Կարեն Անդրեասյանն անդրադարձել է ինչպես Հայաստանում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարում դատարանների ունեցած մեծ դերին, այնպես էլ հենց դատական համակարգի ներսում կոռուպցիոն երևույթների դեմ տարվող աշխատանքներին: Խորհրդի նախագահը կարևորել է դատավորների հեղինակության, ինչպես նաև դատարանների նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն ուղղված կատարվող աշխատանքները:
Կարեն Անդրեասյանը հատկանշական է համարել, որ Բարձրագույն դատական խորհրդի համար առաջնային է Եվրոպական միության հետ համագործակցությունը, որի դրական արդյունքներից մեկն է ավարտական փուլում գտնվող քաղաքացիական դատավարության թվայնացումը, ինչը լինելու է և՛ ի շահ քաղաքացու, և՛ ի շահ պետության, քանի որ փոփոխության արդյունքում կթոթափվի դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչն էլ կհանգեցնի դատական գործերի քննության ժամկետների էական նվազման:
ԵՄ դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության ընթացքում գրանցած ձեռքբերումների համար, առանցքային է համարել դատական իշխանության անկախության ապահովումը և պատրաստակամություն հայտնել ամրապնդելու փոխգործակցությունը՝ կարևորելով ՀՀ դատական իշխանության և Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի միջև համագործակցության ամրապնդումը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առկա համագործակցությունն առավել խորացնելու՝ փորձի փոխանակման, դատաիրավական համակարգի քաղաքականության մշակման հարցում փոխգործակցության, դատարանների շենքային պայմանների բարելավմանն ուղղված հայեցակարգերի մշակման և կառուցակարգային այլ հարցերին առնչվող ծրագրերի իրագործման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ: