ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ-ից:
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Ա.-ն և Գ.Ա.-ն, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի հոկտեմբերի 27-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն են պատրաստվում ներկրել` իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։ Համատեղ պլանավորված ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ. հոկտեմբերի 27-ին հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ քաղաքացու կողմից նշված վայրում, Վ.Ա.-ն և Գ.Ա.-ն վերցրել են նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքված թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել դեպի ք. Երևան։
Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Մեղրի քաղաքի մոտակայքում վերջիններիս ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Վ.Ա.-ն և Գ.Ա.-ն ձերբակալվել են։
Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության հատուկ պահպանվող տարածք, որտեղ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 12 կիլոգրամ ընդհանուր քաշով՝ հերոին, մեթամֆետամին, ափիոն և մարիխուանա տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 3 տարբեր փաթեթներ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։