Եվրոպայի խորհուրդը 2023 թվականի հոկտեմբերի 11-13-ը Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի այցից հետո նախապատրաստում է փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթ։ Այդ մասին հայտնում է Խորհրդի մամուլի ծառայությունը:
Փաթեթը նպատակ ունի աջակցել Հայաստանին լուծելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100000 հայերի, այդ թվում՝ մոտ 30000 երեխաների տեղավորման հետ կապված խնդիրները:
Հայաստան այցի ընթացքում Միգրացիայի և փախստականների հարցերով ծառայությունը համագործակցել է համապատասխան պետական մարմինների, միջազգային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ: Հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկն այցելել է նաև Արտաշատի համայնքապետարանի երկու ապաստարան։
Նա նախանշել է աջակցության կոնկրետ ոլորտները, որոնք ներառված են Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար գործողությունների ծրագրում (2023-2026 թթ.) և Միգրացիայի ու ապաստարանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրում (2021-2025 թթ.):
Դրանց թվում են՝
խոցելի վիճակում գտնվող փախստականների մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացումը՝ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անմիջական աջակցությամբ, մասնավորապես՝ խոցելիության գնահատման, ծառայությունների հասանելիության և փախստականների իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացման հարցերում.
առողջապահության և հոգեկան առողջության պահպանման մատչելիության դյուրացումը, ներառյալ՝ հոգեբանական աջակցությունը.
խոցելի խմբերի հետ աշխատող մասնագետների կարողությունների հզորացումը.
կրթության ներառականության ապահովումն ու մասնագիտական ուսումնական ծրագրերի վերանայումը:
երեխաների իրավունքների պաշտպանությունը.
տեղական ինքնակառավարման մարմինների կենսունակության բարձրացումը:
«Միջոցառումների այս նպատակային փաթեթի միջոցով մենք կաջակցենք մեր անդամ պետությանը՝ Հայաստանին, և նրա ժողովրդին, քանի որ նրանք բախվում են այս աննախադեպ դժվարություններին ու մարտահրավերներին»,- ասել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը: