Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին սկսվել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
Ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի ևս բյուջեի քննարկումը տեղի է ունենում տարածաշրջանային և միջազգային լարված միջավայրում: «Մեզ համար սա նոր չէ, և վերջին 3 տարիներին, իհարկե, տարբեր աստիճանի, բայց լարվածության պայմաններում ենք քննարկել գալիք տարվա բյուջեի նախագիծը: Վերջին 2 տարում էականորեն սրվել է միջազգային իրադրությունը, միջուկային պատերազմի հավանականությունը դարձել է միջազգային և քաղաքական գործիչների քննարկման լրջագույն առարկա: Մենք ապրում ենք սառը պատերազմի ավարտից ի վեր երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգի փլուզման պայմաններում: Այս իրավիճակը Հայաստանի Հանրապետության համար ստեղծում է լրջագույն սպառնալիքներ, բայց այդ սպառնալիքների գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել մեր պետության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կարևոր է համարել ընդգծել, որ սպառնալիքների կառավարման համար մեզ հարկավոր է նախ իրականացնել մտավոր հայեցակարգային աշխատանք, որի առանցքային նպատակն ինքնահայեցումն է, 32 տարվա մեր պետականության, պետական կյանքի առանցքային կողմերի վերլուծությունը: «Ի՞նչ է մեզ համար անկախությունը, ո՞րն է ինքնիշխանության և անկախության մասին մեր հավաքական պատկերացումը, ի՞նչ գործիք է մեզ համար պետականությունը և ի՞նչ նպատակի ծառայեցնելու համար է այն մեզ անհրաժեշտ: Սրանք հարցեր են, որոնց քաղաքական, փորձագիտական, հանրային քննարկումն ազգային անվտանգության օրակարգ է»,- նշել է գործադիր մարմնի ղեկավարը:
Վարչապետն արձանագրել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են. «Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ վարչապետը նշել է. «Ուզում եմ հույս է հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, որը վերաբերվում է հետևյալին՝ Հայաստան-Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար»:
Սպառնալիքների և անվտանգային մարտահրավերների միջավայրում Նիկոլ Փաշինյանը կարևոր ձեռքբերում է համարել մակրոտնտեսական կայունությունը, որը հնարավոր է եղել պահպանել ե՛ւ պատերազմի, և՛ ներքաղաքական անկայունությունների, ևւ համավարակի ընթացքում: Վարչապետի գնահատմամբ՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի միջավայրում. «Մենք այս տարի սպասում ենք առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, գնաճի միջավայրը կայուն է»:
Կառավարության ղեկավարը, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պետական աջակցության ցուցաբերմանը, նշել է, որ շուրջ 54 մլրդ դրամի հատկացում է արվել, որից այս պահին ծախսվել 16 մլրդ դրամը: Գումարի մի մասը ծախսվելու է 2024 թվականի պետական բյուջեով:
Անդրադառնալով ֆինանսական ցուցանիշներին՝ վարչապետը մի քանի արձանագրում է կատարել: 2024 թվականի բյուջեի եկամտային մասով ՀՀ բյուջեն 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է: 2024 թվականի պլանավորվող բյուջեի եկամտային մասը 105 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին պլանավորված բյուջեն: Էական ավելացումներ կան առանցքային մի շարք ուղղություններով:
2018 թվականի նկատմամբ կապիտալ ծախսերը 2024 թվականին աճում են 310 տոկոսով կամ 537 մլրդ դրամով: Պլանների մեջ է մտնում հաշվետու տարում ունենալ առնվազն 500 կմ հիմնանորոգված կամ նորոգված ճանապարհ, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման մասով արձանագրվել է լուրջ առաջընթաց:
Պաշտպանության ոլորտում 2018 թվականի համեմատ 2024 թվականի բյուջեի ծախսերն ավելի քան կրկնապատկվում են՝ ավելանալով 125 տոկոսով:
«Մեզ համար առաջնային են մեր բանակի, մեր զինված ուժերի բարեփոխումները: Պետք է ընդգծեմ, որ պաշտպանական ծախսերի այսպիսի դինամիկան որևէ կերպ չի հակասում խաղաղության մեր հայտարարած օրակարգին, քանի որ մարտունակ զինված ուժեր ունենալը յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունքն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը մանրամասն խոսել է կրթության, հանրակրթության, ոստիկանության, սոցիալական պաշտպանության, առողջապահության ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներից, ֆինանսական հատկացումներից, դպրոցներ ու մանկապարտեզներ կառուցելու, ուսուցիչների ատեստավորման, «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրագործման գործընթացներից և այլն:
«Մեր առանցքային նպատակն է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ ապրեն, լինեն ազատ, ունենան ստեղծագործելու և երջանիկ լինելու ոչ միայն իրավունք, այլ նաև՝ իրագործելի հնարավորություն: Այս առումով հիմնական և առանցքային խնդիրն անվտանգությունն է՝ և՛ արտաքին, և՛ ներքին անվտանգությունը: Ե՛վ անվտանգությունը, և՛ ստեղծագործելու, ազատ ժողովրդավարական հանրությունում բարեկեցիկ և երջանիկ ապրելու հնարավորությունը ստեղծելն է ՀՀ կառավարության առանցքային նպատակն ու ուղենիշը՝ այն ըմբռնմամբ, որ քաղաքացիներն իրենք անձամբ պետք է հնարավորություն ունենան՝ աշխատելով, ստեղծագործելով իրենց երջանկությունն ու բարեկեցությունն ապահովել: Մեր հավաքական ջանքերի արդյունքում միասին պետք է կարողանանք ապահովել ՀՀ և նրա քաղաքացիների արտաքին և ներքին անվտանգությունը: Ուզում եմ ասել, որ անվտանգությունը սովորաբար կամ առավելապես հաճախ ընկալվում է սպառազինություն, բանակ և այդպես շարունակ: Միայն բանակով երբևէ որևէ երկիր չի կարողացել և չի կարողանալու ապահովել անվտանգություն, եթե պետության հիմքում անվտանգային գործունակ մոտեցումներ, հայեցակարգեր և գաղափարախոսություն դրված չեն»,- ելույթը եզրափակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: