«Պաղեստինցի մարտիկները պատրաստ են իսրայելական ցամաքային գործողության»,- այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին և այդ հարցում կարևորել Գազայի հատվածի տակ գտնվող թունելները, որոնցով կարող են անցնել մոտոցիկլետներ և նույնիսկ մեքենաներ:
«Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կառուցած ստորգետնյա անցումների երկարությունը միայն անկլավի հյուսիսում հասնում է 400 կմ-ի։ Այդ անցումների մի ծայրը գտնվում է Իսրայելի տարածքում, մյուսը՝ Գազայի հատվածում»,- ասել է իրանցի բարձրաստիճան զինվորականը:
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Մուսա Աբու Մարզուկն էլ երկուշաբթի Al Jazeera-ին ասել է, որ կազմակերպությունը հիասթափված է արաբական երկրներից ու գաղափարապես շահագրգիռ կողմերից, ներառյալ՝ «Հեզբոլլահից» իրենց ցուցաբերվող սահմանափակ աջակցությամբ: «Մենք մեծ հույսեր էինք կապում «Հեզբոլլահի» և Հորդանան գետի Արևմտյան ափի մեր գործընկերների հետ»,- ասել է Աբու Մարզուկը:
Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է, որ հաղթանակը Գազայի հատվածում միաժամանակ հաղթանակ է Լիբանանի համար, և իրենք պատրաստ են համաչափ պատասխանի, եթե Իսրայելը հատի կարմիր գծերը։
Financial Times-ի տվյալներով էլ՝ Իսրայելը նոր մարտավարություն է իրականացնում Գազայի հատվածում, որի նպատակն է առավելության հասնել ՀԱՄԱՍ-ի նկատմամբ ու նվազեցնել սեփական կորուստները: Ըստ իսրայելական կողմի՝ գործողության փոքր մասշտաբը հնարավորություն կտա ցամաքային ուժերին ապահովել ավելի արդյունավետ օդային ծածկույթ: Դա չափազանց կարևոր է Գազայի հյուսիսային շրջաններ ներթափանցելու համար, որտեղ ՀԱՄԱՍ-ը տարիներ շարունակ պաշտպանական կառույցներ է կառուցել: