Գազայի հատվածի զանգվածային հրետանային ռմբակոծությունները շարունակվում են: Իսրայելական բանակն իր ուժերը կենտրոնացնում է Գազայի հատվածի հյուսիսում՝ Բեյթ Հանուն քաղաքի շուրջ և շարժվում դեպի հարավ, գրում է BBC-ն:
«Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է ընդլայնել ցամաքային գործողությունները Գազայի հատվածում և վերջին օրերին հարվածներ է հասցրել անկլավում գտնվող արմատական ՀԱՄԱՍ շարժման ավելի քան 600 ռազմական օբյեկտներին, ներառյալ զենքի պահեստները, տասնյակ հակատանկային հրթիռային կայաններ, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի թաքստոցները»,- ասված է իսրայելական բանակի հայտարարությունում։
Գազայի հատվածին իսրայելական հարվածների զոհերի թիվը կիրակի օրվա դրությամբ գերազանցել է 8 հազարը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահական մարմիններին։ Նրանց խոսքով՝ զոհերի մեծ մասը կանայք ու երեխաներ են։
Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման զոհ է դարձել ավելի քան 1400 իսրայելցի։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը զգուշացրել է Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի կտրուկ վատթարացման մասին՝ քննադատելով Իսրայելին ռազմական գործողությունների ակտիվացման համար: Նա նորից կոչ է արել կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, ազատել բոլոր գերիներին, ինչպես նաև օգնություն տրամադրել Գազայի հատվածի բնակիչներին։
Ի պատասխան հրադադարի կոչերի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ երկրի իշխանությունները միաձայն որոշել են անցնել հակամարտության երկրորդ փուլին, որը նախատեսում է լրացուցիչ զորքեր ներգրավել անմիջականորեն Գազայի հատվածում։