2024 թվականին ՀՀ հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով բյուջետային հայտ է կազմվել և քննարկման է առաջարկվել հիմք՝ ընդունելով գործող իրավակարգավորումները և մեթոդաբանությունը. ասել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Նրա խոսքով 2024 թվականին հայցվում է շուրջ 1,2 մլրդ դրամ: Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ մասնավորապես այն ուղղված կլինի արտաքին պետական հաշվեքննության գործառույթի առաքելությունը ներկայացնելուն, ինչը նշանակում է նպաստել հանրային սեփականությունը կառավարելու բարելավմանը:
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահը նշել է, որ 2024 թվականին լինելու է շարունակությունն այն իրավակարգավորումների, որոնք այսօր գործում են և դրանց համապատասխան նվազագույն օրենսդրական պահանջ հանդիսացող բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը ներկայացվի: Սա այն արդյունքային ցուցանիշների խումբն է ներկայացնում, որն ընդգրկված է բյուջետային հայտում և որի շրջանակում նախատեսվում է իրականացնել 40 հաշվեքննություն` 10 պետական մարմիններում:
Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ այս տարի նախաձեռնվել և արվել են որոշակի փոփոխություններ կառուցվածքում` 10 կառուցվածքային ստորաբաժանման փոխարեն գործում է 6-ը, որոնք իրականացնում են հաշվեքննություններ: Նա հավելել է, որ չի բացառվում այս փոփոխությունն իրականացնել մինչև բյուջեի նախագիծը վերջնականացնելը: «Խոսքը վերաբերում է բացառապես քանակական ցուցանիշին, սա ամենևին չի նշանակում, որ փոփոխության կենթարկվի որակը կամ արդյունքը, որն ակնկալվում է ստանալ»,- ասել է նա:
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահն անդրադարձել է երկրորդ մասում ներառված հաշվեքննություններին, որի քանակական ցուցանիշը 10 է և երթադրվում է, որ 2024 թվականին գործնեության արդյունքում հաշվեքննիչ պալատը 10 թեմաների վերաբերյալ ներկայացնել կարծիք, առաջարկություններ, որոնք կնպաստեն հանրային սեփականության կառավարումը բարելավելուն:
Ծրագրի երրորդ մասով նախատեսվում է միջոցառումներ իրականացնել միջազգային համագործակցության շրջանակում:
«Մենք ներկայացրել ենք շուրջ 1,2 մլրդ դրամի բյուջետային հայտ, որի 90 տոկոսը կազմում է ընթացիկ ծախսերը, դրանից 86 տոկոսն աշխատանքի վարձատրության ծախսերն են կազմում»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով նախատեսվում է շուրջ 37 մլն դրամի ապրանքների և ծառայությունների գնման ծրագիր, 44 մլն դրամ է կազմում վարձակալության համար ակնկալվող միջոցները և 20 մլն դրամ է կազմում պահուստային ֆոնդը:
Անդրադառնալով առկա խնդիրներին նա տեղեկացրել է, որ առաջարկված են բյուջետային հարցում տեխնիկական հագեցվածության, շենքային պայմանների բարելավման և տրանսպորտային միջոցների թարմացման հարցերը: