Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ․ սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հետբացթողումային հսկողության վերաբերյալ տեղեկություն։
«Ապրանքների բացթողումից հետո, ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից իրականացված մաքսային հսկողության ընթացքում, հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման մի շարք դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված և վճարված մաքսային վճարների և դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր գումարը կազմել է մոտ 220,729,678 ՀՀ դրամ։ Տնտեսվարողների կողմից ապրանքների հայտարարագրերով «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվել և ՀՀ տարածք են ներմուծվել տարբեր տեսակի համակարգչային-խաղային մոնիթորներ, որոնք հայտարարագրվել են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8528 52 100 0 ծածկագրով (մաքսատուրքի դրույքաչափը՝ 0%, ԱԱՀ՝ 0%)։
ԵՏՀ խորհրդի որոշումների համաձայն՝ նշված ապրանքային ստորաենթադիրքը նախատեսված է բացառապես կամ գլխավորապես 8471 ապրանքային դիրքի հաշվողական մեքենաներին անմիջապես միացող և դրանց հետ օգտագործվելու համար մշակված մոնիթորները, որոնք իրենց մեջ չեն ընդգրկում ընդունիչ հեռուստատեսային ապարատուրա։
Առաջնորդվելով ԱՏԳ ԱԱ մեկնաբանման հիմնական կանոններով՝ մաքսային մարմնի կողմից ընդունվել են նշված ապրանքատեսակների դասակարգման վերաբերյալ որոշումներ, որոնց համաձայն` ապրանքատեսակները ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8528 52 100 0 ծածկագրի փոխարեն դասակարգվել են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8528 52 900 9 ծածկագրով (մաքսատուրքի դրույքաչափը՝ 5% ԱԱՀ` 0%): Ապրանքատեսակները նշված ծածկագրով դասակարգվել են, քանի որ հանդիսանում են գունավոր մոնիթորներ, որոնք նախատեսված են ինչպես միացված համակարգչից, այնպես էլ այլ սարքերից (օրինակ՝ խաղային վահանակներ, հեռուստատեսային ընդունիչ սարքեր, DVD նվագարկիչ և այլն) տեքստ, գրաֆիկական տեղեկատվություն, տեսա/ձայնային ազդանշաններ վերարտադրելու համար:
Ի թիվս այլ հատկանիշերի՝ դրանք համալրված են եղել Display Port և/կամ HDMI ինտերֆեյսներով և չեն պարունակում հեռուստատեսային բարձրհաճախական ազդանշանների ընդունիչ սարքեր։ Մեկ մաքսային ստուգում իրականացվել է արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում, որի արդյունքներով հաստատվել է, որ պետությանը պատճառված վնասը կազմում է 182,398,855 ՀՀ դրամ։ 32 դեպքով մաքսային մարմին ներկայացված ապրանքների հայտարարագրերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։
Նախնական տվյալներով թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմում է 30 մլն դրամ։
Վերոնշյալ դեպքերով իրականացվում է վերլուծություն»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։