2024-ին նախատեսվում է ոստիկանության զորքերն ապառազմականացնել և վերակազմակերպել ոստիկանության գվարդիայի, որին կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ: Արդյունքում՝ կստեղծվի զուտ ոստիկանական ծառայություն՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով: Այդ մասին ԱԺ-ում 2024-ին պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:
«Բացի դրանից՝ սկզբունքորեն կվերաիմաստավորվեն ոստիկանության տարածքային մարմինների կազմակերպական ձևն ու գործառույթները, որը միտված է լինելու, ինչպես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ այդ մարմինների գործունեությունն առավելապես հանցագործությունների կանխարգելմանը նպատակաուղղելուն:
Տեսլականի համաձայն՝ Երևան քաղաքի և մարզային մակարդակներում մարզային վարչությունների փոխարեն կձևավորվեն քրեական ոստիկանության գլխավոր վարչության ենթակայությամբ գործող քրեական ոստիկանության ստորաբաժանումներ, որոնց կվերապահվի ծանր և առաձնապես ծանր հանցագործությունների բացահայտման նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը, իսկ ոստիկանության ներկայիս տարածքային բաժինները կվերակազմակերպվեն համայնքային ոստիկանության ստորաբաժանումների՝ ապահովելով բոլոր ուղղություններով հանցագործությունների կանխարգելում, մասնավորապես՝ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելը, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելը, ինչպես նաև համայնքների հետ աշխատանքները:
Տվյալ ստորաբաժանումներին կվերապահվի նաև ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը»,- ասաց Ֆիդանյանը:
ՆԳՆ գլխավոր քարտուղարը նաև տեղեկացրեց, որ նախաձեռնվել է ոստիկանության օպերատիվ ծառայության համար արդի պահանջներին համապատասխանող գաղտնալսման համակարգի ձեռքբերման գործընթաց: