Հայաստանի համար 2024 թվականի տնտեսական աճի թիրախը շարունակում է մնալ 7 տոկոսը։ Այդ մասին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ կարծում ենք, որ 2023 թվականին կապահովենք առնվազն 7,2 տոկոս տնտեսական աճ։ Հիշեցնեմ, որ մեր բյուջեի սցենարում դրված էր 7 տոկոս տնտեսական աճը։
2024 թվականին շարունակում ենք թիրախավորել 7 տոկոս տնտեսական աճ։ Դեֆլյատորի աճը 2023 թվականին կլինի նախատեսվածից ցածր՝ 3,2 տոկոս, և կարծում ենք, որ մյուս տարի կվերադառնանք 4 տոկոս թիրախային ցուցանիշին։ Այս ամենի հետևանքով անվանական ՀՆԱ-ն ճշգրտվել է մի փոքր ներքև»,- ասաց ֆինանսների նախարարը, ապա հավելեց, որ տնտեսական աճի շարժիչ ուժը կմնա ծառայությունների ճյուղը, իսկ ծախսային բաղադրիչը՝ սպառումը: Ներդրումների և արտահանումների աճերն էլ կնպաստեն տնտեսական աճին: