Մակրոտնտեսական կայունության համար ամենամեծ սպառնալիքներից մեկը համարում եմ կոռուպցիայի հնարավոր վերակտիվացումը, և մենք պետք է մեր սկզբունքային պայքարն ավելի ակտիվացնենք կոռուպցիայի դեմ: Այդ մասին «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք մտահոգված ենք այն տեղեկություններով, որ ամենատարբեր տեղերում, ամենատարբեր մակարդակներով կաշառքներով, կոռուպցիոն եղանակներով ՀՀ-ում դեռևս հնարավոր է հարցեր լուծել։ Եվ ես ուզում եմ վերահաստատել և առանձնահատուկ ընդգծել մեր քաղաքական կամքը՝ որևէ ճգնաժամ, որևէ ցնցում չեն կարող հակակոռուպցիոն պայքարը թուլացնել»,– ասաց Փաշինյանը և հավելեց, որ դա ազգային անվտանգության և պետության շահերի հարց է:
Վարչապետն ընդգծեց, որ վերջերս Հակակոռուպցիոն կոմիտեում և Կոռուպցիայի կանխարգելման խորհրդում ունեցած քննարկումների ժամանակ ընդգծել է, որ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը նույնքան կարևոր է, նույնքան հրատապ, ինչքան 2018-2019 թվականներին:
«Մենք մտահոգված ենք խորապես այն ընկալմամբ, որ ՀՀ-ում տարբեր տեղերում հնարավոր է փողով, կաշառքով և այլն, տարբեր հարցեր լուծել: Եվ եկեք պայմանավորվենք, որ այստեղ, ինչպես և նախկինում, ինչպես ժողովրդական լեզվով ասվում է՝ ներում-բեկում չի լինելու: Որևէ նմանատիպ դեպք՝ անկախ նրանից, թե դա տեղի կունենա նախկին-ներկա որևէ իշխանության կողմից, պիտի արժանանա հստակ, ուժեղ և օրինական գնահատականի»,- ասաց Փաշինյանը: