Մեր Կառավարությանն ուղղված ամենասուր բողոքներից կամ քննադատություններից մեկը 2018-ից ի վեր եղել է այն, որ մենք կառավարման որակի և կառավարման կարողությունների բացթողումներ ունենք, պրոբլեմներ ունենք, կամ նույնիսկ ավելի սուր գնահատականներ, և սրա հետ մենք երբեք չենք համաձայնվել: Այդ մասին խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման շրջանակում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ փորձ էր արվում շահարկել այն փաստը, որ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ իշխանության գալը մի խնդիր է, իսկ պետական կառավարումը՝ մեկ այլ:
«Կարծում եմ՝ ԼՂ ժողովրդին, բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընդունելու գործընթացը դարձավ անառարկելի ապացույցն այն բանի, որ ՀՀ Կառավարությունը և կառավարող մեծամասնությունը բավականին արդյունավետ կառավարում են իրավիճակը ՀՀ-ում, և ես ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր գործընկերներին, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններին, կամավորներին, որոնք այս իրավիճակը կառավարելու գործում աջակցություն են ցուցաբերել»,- ասաց նա:
«Նաև ուզում եմ արձանագրել, որ այս պահի դրությամբ 100 հազար բռնի տեղահանված արդեն իսկ ստացել է մեր խոստացած 100-հազարական դրամի աջակցությունը, որից ավելի քան 25 հազարը երեխաներ են»,- նշեց վարչապետը: