Խորհրդարանում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ելույթի մեկնարկին վարչապետն ընդգծեց, որ այս քննարկումը նույնպես նախորդ տարիների նման տեղի է ունենում տարածաշրջանային և միջազգային լարված միջավայրում, և որ վերջին 3 տարիներին տարբեր աստիճանի լարվածության պայմաններում է քննարկվել գալիք տարվա բյուջեի նախագիծը:
«Վերջին երկու տարում էականորեն սրվել է միջազգային իրադրությունը, միջուկային պատերազմի հավանականությունը դարձել է փորձագետների և քաղաքական գործիչների քննարկման լրջագույն առարկա: Մենք ապրում ենք սառը պատերազմի ավարտից ի վեր երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգի փլուզման պայմաններում: Այս իրավիճակը ՀՀ-ի համար ստեղծում է լրջագույն սպառնալիքներ, բայց այդ սպառնալիքների գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել մեր պետության համար»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը կարևոր համարեց նաև ընդգծել, որ սպառնալիքների կառավարման համար մեզ հարկավոր է նախ իրականացնել մտավոր հայեցակարգային աշխատանք, որի առանցքային նպատակը ինքնահայեցումն է, 32 տարվա մեր պետականության, պետական կյանքի առանցքային կողմերի վերլուծությունը:
«Ի՞նչ է մեզ համար անկախությունը, ո՞րն է ինքնիշխանության և անկախության մասին մեր հավաքական պատկերացումը, ի՞նչ գործիք է մեզ համար պետականությունը, և ի՞նչ նպատակի ծառայեցնելու համար է այն մեզ անհրաժեշտ: Սրանք հարցեր են, որոնց քաղաքական, փորձագիտական, հանրային քննարկումը ազգային անվտանգության օրակարգ է: Մեր պետականության հայեցակարգային հիմունքները ճշգրտելը առանցքային է փոփոխվող աշխարհում մեր մրցունակությունն ու կենսունակությունն ապահովելու համար: Սա, իհարկե, Կառավարության և անձամբ վարչապետի աշխատանքի կարևորագույն մասերից է, և իմ վարչապետության՝ հանրային երջանկություններով և ողբերգություններով լեցուն հնգամյա փորձը ինձ հանգեցրել է հետևյալ հայեցակարգային ձևակերպման, որն ուզում եմ առաջարկել որպես պետական հայեցակարգային ուղենիշ:
Այդ ուղենիշը հետևյալն է. հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ այս կարգախոսը բխում է այն թեզից, գիտակցումից, ընկալումից, որ մեր անկախության 32 տարվա ընթացքում մեր առանցքային հիմնախնդիրը եղել է պետության և հայրենիքի շահերի միջև առկա և շարունակ մեծացող լարումը, հայրենիքի և պետության ձգողականության՝ երբեմն հակադիր ուղղությունները, պետության և հայրենիքի միջև ընտրություն կատարելու անհնարինությունը:
«Բայց որքան էլ անհնարին լինի ընտրությունը, այն պետք է կատարվի, և այդ ընտրությունը կատարելու պահին է գալիս ամենակարևոր գիտակցությունը և գիտակցումը, որ պետությունը միակ և անփոխարինելի հայրենիքն է, ու պետությունը, նրա անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինստիտուտները կայացնելն ու զարգացնելը, այդ գործին նպաստելը հայրենասիրության գերադրական աստիճանն է: Սա հասունացման ճանապարհ է, և այդ ճանապարհն ենք անցնում բոլորով՝ Կառավարություն, խորհրդարան, փորձագիտական հանրություն և ընդհանրապես հանրություն ու ժողովուրդ:
Այդ հասունացման առանցքային շատ խորհրդանշական պահերից մեկը ՀՀ-ի տարածքը 29.800 քառակուսի կիլոմետր լինելու մասին ԱԺ ամբիոնից իմ արած հայտարարությանը հետևած բազմահազարանոց ցույցն էր, ինչից ակնհայտ դարձավ, որ մենք՝ որպես հանրություն, մեր պետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի չափի մասին այնքան էլ լավ պատկերացում չունենք, ինչը ոչ այնքան իմացության խնդիր է, որքան մեր կրած բոլոր անհաջողությունների և ձախողումների, ըստ էության, անկյունաքար: Եվ այս ամենից մեր հետևությունը պետք է լինի միանշանակ. փլուզվող աշխարհակարգում մեր անվտանգության ապահովման միակ գործիքը հայրենիքի նույնականացումն է պետության, նրա տարածքի, միջազգայնորեն ճանաչված նրա սահմանների, նրա տարածքային ամբողջականության հետ, և այս նպատակին է ծառայում վերը առաջարկված կարգախոսը»: