Եվրամիության առաջնորդները կոչ են արել մարդասիրական միջանցքներ ստեղծել՝ Գազայի խաղաղ բնակիչներին օգնության անխոչընդոտ հասանելիությունն ապահովելու համար:
Բրյուսելում ավարտված ԵՄ երկօրյա գագաթնաժողովի ընթացքում դաշինքի առաջնորդները բուռն քննարկումներ են անցկացրել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության և այլ հարցերի շուրջ։
Հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարությունում նշվում է, որ դաշինքն ափսոսանք է հայտնում խաղաղ բնակչության շրջանում կորուստների համար և կոչ է անում հակամարտող կողմերին՝ դադարեցնել մարտերը:
Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը գագաթնաժողովում հայտարարել է, որ դաշինքի ներսում դեռևս մեծ տարաձայնություններ կան, թե ինչպես պետք է վարվել պաղեստինա-իսրայելական հակամարտության հետ։ ԵՄ երկրները համաձայնել են վեց ամսից հրավիրել խաղաղության միջազգային համաժողով: