ԵՄ գագաթնաժողովին չի հաջողվել համաձայնեցնել Ուկրաինային նախատեսված բյուջետային աջակցության ծրագիրը, սակայն շեշտվել է, որ այն կմնա «համայնքի առաջնահերթություն»: Գագաթնաժողովի մասնակիցները նաև որոշել են ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործել Կիևին աջակցելու համար: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։
Ինչ վերաբերում Է 4 տարվա համար Ուկրաինային խոստացած 50 մլրդ եվրո օգնության ծրագրին, որի համար ԵՄ երկրները պետք է համայնքի բյուջե նոր ներդրումներ կատարեն, Միշելը հայտարարել է միայն, որ գագաթնաժողովում «քննարկել են բյուջեի լրամշակման հարցը»: Աղբյուրների հաղորդմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ բյուջետային վճարումներ հատկացնելու գաղափարը ԵՄ երկրներից արգելափակել են Բելգիան, Հունգարիան, Սլովակիան և ևս մի քանի երկիր:
Գագաթնաժողովում ընդհանրապես խոսք չի եղել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային տրամադրվող 500 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր տրանշի մասին, որի շուրջ մայիսից Եվրամիությունը չի կարողանում համաձայնության գալ՝ Հունգարիայի վետոյի պատճառով։ Ուկրաինայի վերաբերյալ վերջնական հայտարարության մեջ, առանց մանրամասների, ասվում է, որ ԵՄ երկրները «կշարունակեն Կիևին զգալի ռազմական աջակցություն ցուցաբերել, այդ թվում՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, ինչպես նաև երկկողմ հիմունքներով»: