Խաղաղության համաձայնագիրը կերաշխավորի այս տարածաշրջանում հաջորդ տարիների ընթացքում և տասնամյակների ընթացքում ամեն ինչ, կապահովի խաղաղ տնտեսական զարգացում: Տարածաշրջանի բոլոր բնակիչներն արժանի են, որ տասնամյակներ տառապելուց հետո այստեղ խաղաղություն և անդորր տիրեն: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն:
«Հարգելի՛ պարոն նախարար, Դուք ասացիք, որ այս այցելությունը վերջակետ է դնում այն տասնամյակից հետո, երբ մեր երկու երկրների միջև ընդհանրապես դիվանագիտական շփումներ, կապեր չկային: Անցյալ տարվա ավարտին մենք պարոն նախարարի հետ որոշում ընդունեցինք Լեհաստանում առ այն, որ վերսկսում ենք դիվանագիտական կապերը և կառուցում ենք այնպիսի մի համագործակցություն, որը կծառայի երկու ազգերի և երկրների շահերին»,- դիմելով ՀՀ ԱԳ նախարարին՝ ասաց Պետեր Սիյարտոն:
«Այսօրինակ վերականգնումը մեզ լավ կօժանդակի, քանի որ կա ընդհանուր հիմք, ոչ այլ ինչ, քան քրիստոնեությունը. երկու երկրներն էլ հանդիսանում են արդեն բազում հարյուրամյակներ քրիստոնեական երկրներ: Մենք՝ հունգարացիներս, հպարտությամբ ենք ասում, որ մենք քրիստոնեական պետականություն ունենք ավելի քան 1000 տարի: Հետո գալիս ենք Հայաստան ու տեսնում ենք ձեր ժամկետները և ավելի համեստ ենք մեզ պահում: Հայ քրիստոնյա եկեղեցին շատ կարևոր դեր է խաղացել մեր կապերը վերահաստատելու գործում: Մենք նախքան այդ էլ ենք փորձել մեր բարի մտադրությունները դրսևորել և այդ շրջանակներում բանակցություններ ենք վարել մեր ադրբեջանցի բարեկամների հետ՝ նպատակ հետապնդելով 2021 թվականին 5 ռազմագերիների վերադարձնել Հայաստան: Այդ նկրտումների շրջանակներում մենք 116 մլն ֆորինտ հատկացրինք որպես օժանդակություն այն ընտանիքներին ԼՂ-ից, որոնք վերադարձել էին Հայաստան: Մենք օգնեցինք նաև առողջապահության ասպարեզում, քանի որ 100 հազար պատվաստանյութի դեղաչափ ենք տրամադրել ձեր երկրին համավարակի ընթացքում»,- ասաց Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը:
Նախարարը հավաստիացրեց, որ Հունգարիան հետայսու կանի ամեն ինչ՝ զարգացնելու Հայաստանի հետ կապերը: «Որպես դրա դրսևորում՝ մենք տրամադրելու ենք ևս 40 մլն ֆորինտ՝ օգնելու այն ընտանիքներին, որոնք վերադարձել են Հայաստան ԼՂ-ից: Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մասնակցություն ցուցաբերել նաև այդ անձանց բուժման գործում: Մեր բուժհաստատությունները պատրաստ են ընդունել այդ ընտանիքների երեխաներին, նաև Հունգարիայի մանկական ճամբարներն են պատրաստ դա անել: Մենք այսօր պայմանավորվեցինք, որ 30 ուսանողի կրթաթոշակ կտրամադրվի Հունգարիայի բուհերում»,- ասաց Սիյարտոն՝ նշելով, որ 13 տարվա ընթացքում Հունգարիայում հայ համայնքի պետական բյուջեի ֆինանսավորումը քառապատիկ ավելացվել է:
«Ես այսօր խնդրեցի պարոն նախարարին, որպեսզի նա ինձ թույլ տա Երևանում ստեղծել Հունգարիայի հյուպատոսություն»,- ասաց Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը՝ ավելացնելով, որ «կդրդեն» Wizz air հունգական ավիափոխադրողին՝ ավելացնել նաև Բուդապեշտը թռիչքների ուղղությունների ցանկին: «Այս տասնամյակից հետո սա բավական լավ լուծում կլինի»,- նշեց Պետեր Սիյարտոն: