ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նախագահի ներկայացուցիչ Մոնիկա Գրեյլին հայտնել է, որ Հորդանանը վեհաժողով է ներկայացրել Մերձավոր Արևելքի վերաբերյալ արաբական երկրների պատրաստած բանաձևի նախագիծը։ Փաստաթղթի համահեղինակներն են ավելի քան 40 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը։ Ակնկալվում է, որ փաստաթղթի քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 27-ին՝ Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 10-րդ արտահերթ նստաշրջանում:
Փաստաթուղթը բաղկացած է 14 կետից, որոնցից առաջինով կոչ է արվում անհապաղ հաստատել մարդասիրական զինադադար։ Բացի այդ, տեքստի հեղինակները բոլոր կողմերից պահանջում են պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը, Գազայի հատվածն անհապաղ ապահովել առաջին անհրաժեշտության պարագաներով, բոլոր քաղաքացիական անձանց ազատ արձակել, ապահովել հումանիտար օգնության անարգել առաքումները: Նաև կոչ է արվում չեղարկել Իսրայելի իշխանությունների հրամանը՝ Պաղեստինի բնակչությանը և ՄԱԿ-ի աշխատակիցներին անկլավի հարավ տեղափոխելու մասին:
Կանադան առաջարկել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին ներկայացված պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ նախագծում ավելացնել ՀԱՄԱՍ-ի հարձակումների դատապարտումը: