Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն ավարտել է այցը Հայաստան և Ադրբեջան՝ կենտրոնանալով ԼՂ-ում և նրա շրջակայքում հակամարտությունից տուժած մարդկանց մարդու իրավունքների իրավիճակի վրա։
2023 թվականի հոկտեմբերի 16-23-ը Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ավարտից հետո Դունյա Միյատովիչն ասել է, որ երկու երկրի միջև հաշտեցման և կայուն խաղաղության ճանապարհին առաջնային պետք է լինեն մարդու իրավունքների լիակատար հարգանքը և համապատասխան միջազգային չափանիշներին խստորեն հետևելը։
Այցի պատճառը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրում Հայաստան փախած ավելի քան 100.600 ղարաբաղցի հայերի զանգվածային տեղահանումն էր: Դա հետևեց սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություններին, Ալիևի կողմից տարածաշրջանի հետագա լիակատար վերահսկողությանը, մարդկանց տեղաշարժի և հիմնական ապրանքների, ծառայությունների ու էներգակիրների հասանելիության երկարատև խախտումներին, որոնց ղարաբաղցի հայերը բախվեցին Լաչինի միջանցքով ճանապարհի իննամսյա արգելափակման հետևանքով: «Նրանք լքված էին՝ որևէ կողմից չստանալով անվտանգության կամ պաշտպանության հուսալի երաշխիքներ։ Նրանց համար տնից հեռանալը միակ հնարավոր տարբերակն էր»,- ասել է հանձնակատարը:
Դունյա Միյատովիչը Հայաստանում հանդիպել է իշխանության ներկայացուցիչների հետ, այցելել է տեղահանվածների ապաստարանները Կոտայքի մարզի Աղավնաձոր և Ծաղկաձոր քաղաքներում, որտեղ զրուցել է Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ ընտանիքների, տարեցների, հաշմանդամություն ունեցող և այլ խոցելի անձանց հետ: Հանձնակատարը հանդիպել է նաև միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն այցելել է նաև Ադրբեջան, հանդիպել այդ հանրապետության ղեկավարների հետ, այնուհետև նա այցելել է Լեռնային Ղարաբաղ: Միյատովիչը գրել է, որ ցնցվել է բնակավայրերի ավերածություններից, հանդիպել է մի քանի էթնիկ հայերի, ինչպես նաև տարածաշրջան վերադարձած ադրբեջանցիների: Ի դեպ, զեկույցում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը նշված են ադրբեջանական անվանումներով:
Հանձնակատարը երկու կողմերի իր պաշտոնական զրուցակիցների հետ քննարկել է ղարաբաղյան տարածաշրջանում և շրջակայքում հակամարտության մարդասիրական ու մարդու իրավունքների հետևանքները: Նա մեկ անգամ ևս ընդգծել է բոլոր տեղահանվածների մարդու իրավունքների ապահովման կարևորությունը, ներառյալ նրանց՝ արժանապատիվ ու անվտանգ վերադառնալու, ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից պաշտպանվելու, գերիների՝ պաշտպանություն ստանալու իրավունքը, անհետ կորածների ճակատագրի ու գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալու իրավունքները, հակամարտության հետ կապված մարդու իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ անկախ և արդյունավետ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը և տուժածներին համարժեք ու արդյունավետ փոխհատուցում տրամադրելու կարևորությունը: Նա ընդգծել է, որ այժմ, առավել քան երբևէ, բոլոր կողմերը պետք է վճռական գործողություններ ձեռնարկեն ատելության խոսքը կանխելու և դրա դեմ պայքարելու համար, ինչպես նաև աջակցեն համակեցությանն ու հաշտեցմանը նպաստող նախաձեռնություններին:
Առաջիկայում սպասվում են հանձնակատարի դիտարկումներն ու առաջարկությունները: