Եվրոպական խորհուրդը հոկտեմբերի 26-27-ին Շառլ Միշելի նախագահությամբ կայացած նիստում բազմաթիվ հարցերի հետ քննարկել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները: Նիստի ավարտին հրապարակվել է խորհրդի եզրակացությունը տարբեր հարցերի վերաբերյալ:
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցով Եվրոպական խորհուրդն ընդգծել է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու երկարատև խաղաղության հաստատմանը՝ հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա։ Եվրոպական խորհուրդն ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը, ներառյալ՝ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։ Այն աջակցում է բրյուսելյան կարգավորման գործընթացին, կողմերին կոչ է անում բարեխղճորեն մասնակցել դրան և այն ավարտին հասցնել մինչև այս տարվա վերջ:
Եվրոպական խորհուրդը նաև առաջարկում է բարձր ներկայացուցչին և հանձնաժողովին ներկայացնել տարբերակներ ԵՄ-Հայաստան հարաբերություններն իրենց բոլոր հարթություններում լավագույնս ամրապնդելու վերաբերյալ»,- նշված է փաստաթղթում: