24 տարի առաջ այս օրն ԱԺ նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, պետական և քաղաքական գործիչների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել ՀՀ ԱԺ պատգամավորները, ԱԺ աշխատակազմի անդամներն ու զոհվածների հարազատները:
Ճեպազրույցի ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից լրագրողները հետաքրքրվել են Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման հարցով և մեղադրյալների շրջանակով` հիշեցնելով, որ դեռևս 2021 թվականին Նիկոլ Փաշինյանն է քարոզարշավի ժամանակ ասել, որ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մանդատներ ստանա` կբացահայտվեն այդ գործերը:
ԱԺ նախագահն ի պատասխան նշել է, որ նախ` շատ ժամանակ է անցել 1999 թվականից, և ժամանակային բարդություններ կան: «Վստահ եմ` ներքուստ մենք բոլորս գիտենք դրդիչներին և հիմնական պատճառները: Ես հիմա ինձ իրավունք չեմ վերապահի դա բարձրաձայն ասել, քանի որ պաշտոնի բերումով դա մեղադրանք կհնչի»,- մասնավորապես ասել է Ալեն Սիմոնյանը: