Առաջիկա օրերին մեր հայրենակիցները հնարավորություն կունենան իրականացնել հաշվառում ՀՀ բնակչության պետական ռեգիստրում, ինչը հնարավորություն կտա օգտվել գործարքների ավելի լայն շրջանակից, օրինակ՝ հաշվառել տրանսպորտային միջոցները, ստանալ վարորդական վկայականներ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Ժամանակավոր կարգավիճակ ստացած անձինք օգտվում են փախստականների միևնույն իրավունքներից և ունեն միևնույն պարտականությունները, որ ունեն փախստականները միջազգային ասպարեզում:
Ըստ նախարարի տեղակալի՝ Կառավարության որոշումը հստակ կանոնակարգել է փաստաթղթավորման հետ կապված բոլոր հարցերը՝ ելնելով այն կանխավարկածից, որ հնարավորինս անխոչընդոտ երաշխավորվի մեր հայրենակիցների՝ անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը:
«Կառավարությունը երկու տեսակ անձը հաստատող փաստաթուղթ է ամրագրել իր որոշման շրջանակներում: Առաջինը քաջ հայտնի կապույտ անձնագրերն են, որոնք 070 կոդով, հատուկ համարանիշով են հատկացվել մեր հայրենակիցներին, և երկրորդ փաստաթուղթը ժամանակավոր պաշտպանության մասին հավաստող փախստականի վկայականն է, կարգավիճակի վկայականն է, որը ևս հավաստում է այսպիսի հովանու ներքո գտնվելը մեր հայրենակիցների համար»,- ասաց նա և հավելեց, որ երկու փաստաթղթերն էլ ներպետական մակարդակում ազատորեն կարող են կիրառվել տարբեր գործարքներ կատարելիս և տարբեր մարմինների հետ հարաբերվելիս:
Արփինե Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ Կառավարությունը նախատեսում է 3 ամիս հետո ուժի մեջ մտցնել դրույթ առ այն, որ ՀՀ տարածքից դուրս գալիս այս երկու փաստաթղթերը պետք է միաժամանակ լինեն մեր հայրենակիցների մոտ:
«Ի՞նչ է սա նշանակում: 3 ամիս հետո, երբ որոշումն ուժի մեջ կմտնի, դրանից հաշվարկած 3 ամիս հետո մեր հայրենակիցները, եթե ցանկանան լքել ՀՀ սահմանը տարբեր պատճառներով, պետք է օգտագործեն այս երկու փաստաթղթերը միաժամանակ, որպեսզի փաստաթղթերը վավեր համարվեն:
Մինչ այդ նշված պահանջը չի գործում, և սա վերաբերում է բացառապես 3 ամիս հետո ՀՀ սահմանը հատելու հետ կապված հարաբերություններին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակն անձի համար դրական հետևանքների փունջ է ապահովում:
Ինչ վերաբերում է ԼՂ-ից ՀՀ մուտք գործած ավելի քան 21 հազար տրանսպորտային միջոցներին, ապա դրանք պետք է բերել օրինականության դաշտ: Գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները մոտենան անձնագրային ցանկացած ծառայություն և կատարեն հաշվառման հասցեի փոփոխություն՝ նշելով ՀՀ-ում հաշվառման որևէ հասցե սեփականատիրոջ համաձայնությամբ կամ նշելով նրանց փաստացի բնակության հասցեն: