Զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը հոկտեմբերի 26-ին այցելել է պաշտպանության նախարարության Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Զինվորական դատախազը զորամասի հրամանատար Դավիթ Ալեքսանյանի ուղեկցությամբ շրջել է ուսումնական կենտրոնի տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների ուսումնատեխնիկական հագեցվածությանը, զինվորների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին, կադրերի պատրաստման ու վերապատրաստման կրթական հնարավորություններին, իրականացվող բարեփոխումների ընթացքին:
Զինդատախազը հանդիպել է զորամասի անձնակազմի հետ, քննարկել զինված ուժերում առկա խնդիրները, հանցածին երևույթների դեմ պայքարի ուղիները:
Գրիգոր Էլիզբարյանը կարևորել է զորամասերում թմրամիջոցների օգտագործման ու իրացման բացառումը՝ ընդգծելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններով պատժողական խիստ քաղաքականությունը:
Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանն այցելել է նաև ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան լսարան: