Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչը, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Վարչապետ Փաշինյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:
Իր ելույթում վարչապետը մասնավորապես նշել է.
«Հարգելի՛ վարչապետներ,
Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովին, որն անցկացվում է արդեն չորրորդ անգամ և մաս կազմել այս կարևոր քննարկմանը: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Վրաստանի կառավարությանը և անձամբ վարչապետ Ղարիբաշվիլիին՝ այս համաժողովն անցկացնելու կարևոր նախաձեռնության և ջերմ հյուրընկալության համար։
«Մետաքսի ճանապարհ» արտահայտությունը բոլորիս հայտնի է դեռևս դպրոցական դասագրքերից: Շատերը, համոզված եմ, շատ մանրամասներ չեն հիշում Մետաքսի ճանապարհի ժամանակների պատմական անցքերի և իրադարձությունների մասին: Բայց «Մետաքսի ճանապարհ» պատմական տերմինը բոլորիս մտքում ասոցացվում է բարեկեցության, խաղաղության, զարգացման, համագործակցության հետ, որովհետև Մետաքսի ճանապարհն անցնում էր բազմաթիվ երկրներով ու բնակավայրերով, և այդ ճանապարհները մարդկային, մշակութային, տնտեսական ու քաղաքական կապեր ստեղծելու, ժողովուրդների, երկրների իրար ավելի լավ ճանաչելու միջոց էին:
Այդ ճանապարհներով մարդիկ ոչ միայն ապրանքներ էին փոխադրում, այլև՝ պատմություններ, սովորույթներ, ավանդույթներ, գիտելիքներ, հմտություններ: Ճանապարհը ոչ միայն երկրներ ու քաղաքներ է միմյանց կապում, այլև մարդկանց, և հետևաբար, եթե բանուկ, ակտիվ ճանապարհը համագործակցության, խաղաղության, հաջողության նշան է, փակ ճանապարհները վկայում են պրոբլեմների մասին:
Մենք սա գիտենք սեփական օրինակով: Մեր չորս հարևաններից երկուսի հետ մեր ճանապարհները բաց են, ինչը վկայում է նրանց հետ մեր ունեցած հարաբերությունների բարեկամական լինելու մասին: Մեր հարևաններից երկուսի հետ մեր ճանապարհները փակ են, ինչը հարաբերություններում առկա բարդությունների շատ խոսուն վկայություն է: Բայց ես այսօր չեմ եկել պատմելու մեր ունեցած բարդ հարաբերությունների մասին, այլ ուզում եմ ասել, որ առանց ճանապարհների շատ դժվար կլինի կառուցել խաղաղություն:
Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանը` Հարավային Կովկասը, ունի խաղաղության կարիք: Իսկ ի՞նչ է խաղաղությունը: Դա մի վիճակ է, երբ երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային, մարդկային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով և երկխոսությամբ լուծելու փորձ և ավանդույթ կուտակած: Սա է իրական խաղաղությունը, և ինչպես տեսնում եք` այդ ամենը, այսինքն՝ բաց սահմանները, տնտեսական, քաղաքական, մշակութային կապերը հնարավոր չեն առանց ճանապարհների:
Այս է պատճառը, որ մեր Կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս: Այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով:
Հայաստանի հարավով և հյուսիսով անցնող երկաթուղիներն արդեն երեսուն տարի չեն գործում տարածաշրջանային առումով, չեն գործում նաև արևելքն արևմուտքին կապող բազմաթիվ ավտոճանապարհներ, մինչդեռ այդ ճանապարհների վերագործարկումը Կասպից ծովը Միջերկրականին կապող կարճ և արդյունավետ ուղի կդառնար՝ թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային:
Նույն կերպ և այդ երկաթուղային և ավտոմոբիլային կոմունիկացիաները կարող են Ծոցը Սև ծովի, այդ թվում` վրացական նավահանգիստներին կապող արդյունավետ ճանապարհ դառնալ: Այս ծրագիրը հսկայական օգուտներ կբերի մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, և ես ցանկանում եմ Կառավարությունների, մասնավոր ներդրողների ուշադրությունը հրավիրել այս հնարավորության վրա:
Իմ թիմի ներկայացուցիչները ելույթից հետո՝ միջոցառման ընթացքում, համաժողովի մասնակիցներին կբաժանեն մեր նախագծի մասին պատմող բրոշյուրներ, և ուրախ կլինենք արձագանքներ լսել և աջակցություն ստանալ նախագիծն իրականացնելու ճանապարհին:
Ամբողջական լինելու համար կարևոր եմ համարում ընդգծել «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները, որոնք հետևյալն են.
Սկզբունք թիվ 1. Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:
Սկզբունք թիվ 2. Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Ի դեպ, առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը, իհարկե մեր Պարեկային ոստիկանության հետ համատեղ:
Սկզբունք թիվ 3. Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:
Սկզբունք թիվ 4. Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հավասարության և փոխադարձության սկզբունքով կարող են իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ:
Ուզում եմ վերահաստատել այս սկզբունքների հիման վրա տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացելու, վերաբացելու, վերակառուցելու, կառուցելու Հայաստանի պատրաստակամությունը:
Իսկ վերը նշված սկզբունքներն անհրաժեշտ են մի շարք թյուրընթերցումներից, տարընթերցումներից, տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար: Առաջիկայում մենք այս նախագիծը նաև պաշտոնապես կներկայացնենք մեր տարածաշրջանի երկրների կառավարություններին և հույս ունեմ՝ համատեղ ուժերով, այդ թվում` ներդրողների ակտիվության պայմաններում, մենք կկարողանանք այն կյանքի կոչել:
Հարգելի ներկաներ,
Ինչպես ասացի՝ «Խաղաղության խաչմերուկը» խաղաղության օրակարգի անբաժան մասն է: Մենք հիմա աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա, և հույս ունեմ՝ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին:
Հարկ եմ համարում ներկայացնել նաև խաղաղության մյուս երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ.
- Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ընկալմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը` 86 հազար 600: Այս հանրագիտարանային արձանագրումն արվել է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, տեղ չթողնի ասելու, թե տվյալ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելով դիմացի երկիրը նկատի ունի նրա միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը միայն:
- Հաջորդ սկզբունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանների դելիմիտացիա իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Ալմա Աթայի հռչակագրի առանցքային իմաստը հետևյալն է.
- Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ և Հռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, և հետևաբար՝ Խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:
Ինչպես ասացի, մենք հույս ունենք՝ այս սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին ստորագրել Խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր:
Հույս ունեմ՝ առաջիկայում նաև զարգացումներ կլինեն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման ուղղությամբ, որը նույնպես դրական ազդակ կբերի ամբողջ տարածաշրջանին:
Վերադառնալով «Խաղաղության խաչմերուկին», պիտի արձանագրեմ, որ այն լիարժեք կերպով ներգրավվում է Մետաքսի ճանապարհի տրամաբանության մեջ, և ուրախ կլինենք Հայաստանի տարածքում ընդունել և անվտանգ ճանապարհել մարդկանց, տրանսպորտային միջոցներ, բեռներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր: Եվ ամփոփելով` ուզում եմ հաջողություն մաղթել «Մետաքսի ճանապարհ» համաժողովին և ցանկանալ արդյունավետ աշխատանք: Շնորհակալ եմ»: