«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան ճյուղին պատկանող Իրանի Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ռուսական օպերատորը սկսել է նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նրա խոսքով՝ նախագիծը քննարկվել է նախօրեին՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոհբերի հանդիպման ժամանակ:
Օվերչուկը մեկնաբանել է նաև «Հյուսիս-հարավ» նախագծին Հայաստանի մասնակցության հարցը՝ Մեղրիով ճանապարհ կառուցելու միջոցով, նշել՝ «այդ հատվածը որպես նախագծի մաս այժմ չի դիտարկվում Հայաստանի հստակ դիրքորոշման բացակայության պատճառով»:
ՌԴ փոխվարչապետը հիշեցրել է, որ Ադրբեջանն ու Իրանը ձեռնամուխ են եղել Արաքս գետի հարավային ափով Հայաստանը շրջանցող ավտոճանապարհի կառուցմանը և հուշագիր են ստորագրել Իրանի տարածքով Հայաստանը շրջանցող երկաթուղու կառուցման վերաբերյալ:
«Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը»,- ասել է Օվերչուկը: