Վաշինգտոնը կանի հնարավորը, որ Իսրայելն ի վիճակի լինի պաշտպանվելու ահաբեկիչներից՝ Ավստրալիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Ջո Բայդենը կրկնել է՝ կարևոր է հիշել, որ ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի ճնշող մեծամասնությանը: «ՀԱՄԱՍ-ն այլևս չի կարող ահաբեկել Իսրայելին և պաղեստինցիներին որպես կենդանի վահան օգտագործել: Մեր կարծիքով՝ կարգավորման հիմքում պետք է լինի «երկու պետության» բանաձևը»,- հավելել է Ջո Բայդենը:
Լրագրողներից մեկը դիմել է Սպիտակ տան ղեկավարին՝ «20-ից ավելի ամերիկացի զինծառայող է տուժել անցած շաբաթ Իրաքում և Սիրիայում ամերիկյան բազաների թիրախավորման հետևանքով: Արդյոք ամերիկացիները պե՞տք է անհանգստանան, որ Մերձավոր Արևելքում պատերազմն ընդլայնվում է»:
Բայդենը պատասխանել է՝ ամերիկյան կողմը պայքարում է Իսլամական պետության դեմ: «Ես Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին զգուշացրել եմ, որ եթե նրանք մեր զորքերի դեմ գործեն, մենք կարձագանքենք: Եվ այս իրավիճակը որևէ կապ չունի Իսրայելի հետ»,- հավելել է նախագահը: