Գործադիրը հավանություն է տվել ««ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերին: «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պատվավոր կոչումները սահմանվում են գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության, շինարարության, իրավագիտության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների և բացառիկ վաստակի համար:
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է վերոնշյալ օրենքից և հարակից այլ օրենքներից հանել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ գիտության վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր ճարտարապետի, ՀՀ վաստակավոր շինարարի, ՀՀ վաստակավոր բժշկի, ՀՀ վաստակավոր իրավաբանի, ՀՀ վաստակավոր արտիստի, ՀՀ վաստակավոր նկարչի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մանկավարժի, ՀՀ վաստակավոր լրագրողի, ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մարզչի կոչումները: Նախագծի շրջանակում առաջարկվում է վերանայել ՀՀ-ում շնորհվող պատվավոր կոչումների համակարգը՝ սահմանելով միայն թիմերի խրախուսմանն ուղղված մեկ հավաքական պատվավոր կոչում՝ ՀՀ վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումը: Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է օրենքով սահմանված բնագավառներում գործող մասնագետների համար ապահովել հավասար պայմաններ ինքնադրսևորվելու ու գործելու, այդ թվում՝ ստեղծագործելու համար, ապահովել առանձին մասնագիտական հանրույթների ներսում առողջ մրցակցության ու բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտի ձևավորման, առանձին ոլորտներում օբյեկտիվ չափանիշներով աչքի ընկած մասնագետներին խրախուսելու արժանիքահեն, չափելի ցուցանիշների և մրցութային համակարգի վրա հենված գործիքակազմի ներդրում:
Մշակույթի և արվեստի ոլորտում ներկայումս նախատեսված պատվավոր կոչումների չեղարկման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ որևէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող գնահատվել կամ որոշվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: «Ժողովրդականություն», «վաստակավորություն» հասկացությունները չափելի և որևէ կոնկրետ չափանիշով գնահատելի չեն, ինչպիսի պայմաններում հնարավոր չէ նախատեսել այնպիսի օբյեկտիվ չափանիշներ, որոնք հնարավորություն կտան տվյալ ոլորտի գործիչների գործունեությունը և արժանիքներին տալ այնպիսի չափելի գնահատական, որը հնարավորություն կտա առանձնացնել առավել ժողովրդականներին կամ ամենաժողովրդականներին: Ակնհայտ է, որ «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունը, հանրային ճանաչելիությունը, նրա կերպարի և գործունեության հանրային ընկալումը, ինչը չի կարող ո՛չ ստուգվել կամ չափվել, ո՛չ էլ առավել ևս վավերացվել կամ մերժվել որևէ իրավասու պետական մարմնի կողմից: