Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի ԱԳՆ փոխպետքարտուղար Անջեյս Վիլումսոնսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցերի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության շուրջ:
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը լատվիական կողմին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ պետության կողմից գործադրվող ջանքերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքներին: Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Լատվիայի կառավարությանը՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշման համար: