Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 09։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները չնախատեսված խուզարկություն են կատարել հիմնարկի 5-րդ տեղամասի խցերից մեկում, որի արդյունքում կալանավորված անձ Ռ․ Ա․-ի տաբատի գրպանից հայտնաբերել են մեկ բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով։ Այդ մասին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից:
Խուզարկության արդյունքում խցի սեղանի վրայից հայտնաբերել են նաև կարմիր, կպչուն ժապավենով փաթաթված իր, որում՝ սպիտակ գույնի ստվարաթղթի մեջ, առկա է եղել ընդհանուր 0․25 գրամ քաշով՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված՝ սերմերի հետ, իսկ սեղանի տակից հայտնաբերել են բջջային հեռախոսի պատյան, խցի պահարանի տակի հատվածից՝ թափանցիկ, ապակյա սրվակ, որի պատերին առկա են եղել թմրանյութին նմանվող, սև, մոխրացած հետքեր:
Կալանավորված անձ Ռ․ Ա․-ն և նրա խցակից Ս․ Ն․-ն բանավոր հայտնել են, որ հայտնաբերված փաթեթը և ապակյա սրվակը իրենց չեն պատկանում, սակայն Ռ. Ա․-ն հայտնել է նաև, որ հայտնաբերված բջջային հեռախոսը և նրա պատյանը պատկանում են իրեն։
Խուզարկություններ են իրականացվել նաև 5-րդ տեղամասի այլ խցերում: Հայտնաբերվել է գործարանային արտադրության 5 դանակ, ինչի վերաբերյալ խցում տեղաբաշխված կալանավորված անձ Ա․ Հ․-ն հայտնել է, որ դանակները պատկանում են իրեն։
Մեկ այլ խցի խուզարկությամբ էլ պահարանից հայտնաբերել են մեկ թզբեհ, մեկ ականջակալ, լիցքավորման կոճի լար, ապակյա սրվակ՝ թմրանյութին նմանվող, մոխրացած հետքերով, իսկ խցում տեղաբաշխված կալանավորված անձ Զ․ Հ․-ի մոտից՝ մեկ ոսկյա մատանի՝ ութանկյուն նշանով։ Նույն խցի կալանավորված անձ Է․ Խ․-ի մոտից էլ հայտնաբերվել է մեկ բջջային հեռախոս, որը վերջինս կոտրել և նոր հանձնել է ծառայողներին։ Խցի խուզարկությամբ հայտնաբերվել է նաև մեկ WiFi սարք՝ բաժանորդային քարտով։
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար: