ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովում: Իր ելույթում ԱԺ փոխնախագահը նշել է.
«Տիկի՛ն նախագահող,
Ձերդ գերազանցություննե՛ր, խորհրդարանների նախագահնե՛ր,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր անգոլացի գործընկերներին` վեհաժողովի հրաշալի կազմակերպման և բոլոր պատվիրակների հանդեպ ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար:
Կայուն զարգացման 16-րդ նպատակը նվիրված է խաղաղ ու ներառական հասարակությունների խթանմանը` բոլորի համար ապահովելով արդարության հասանելիություն, կառուցելով արդյունավետ, հաշվետու և ներառական ինստիտուտներ բոլոր մակարդակներում, սակայն աշխարհում շարունակվող և նոր կատաղի հակամարտությունները վտանգում են դեպի խաղաղություն տանող ճանապարհն ու 16-րդ նպատակին հասնելը: 2022 թվականին ականատես եղանք հակամարտությունների պատճառով քաղաքացիական անձանց մահվան դեպքերի ավելի քան 50 տոկոս աճի` առաջին անգամ Օրակարգ-2030-ի ընդունումից հետո:
Զինված բռնությունների և անապահովության բարձր մակարդակը կործանարար ազդեցություն ունի երկրի զարգացման վրա:
Հարգելի՛ գործընկերներ,
Խոսելով խաղաղության և արդարության մասին` թույլ տվեք ներկայացնել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:
Ցավոք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը եւս մեկ լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ` խախտելով միջազգային իրավունքն ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը ստորագրել էր:
Այդ ռազմական հարձակումը ցույց տվեց, որ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն ավարտին հասցնելն էր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը նոր պատերազմի մեջ ներքաշելը: Ագրեսիայի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, այդ թվում` քաղաքացիական բնակչություն, կանայք և երեխաներ: Ավելի քան հարյուր հազար մարդ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվեց Հայաստան:
Ցավալի է, անչափ ցավալի, որ չնայած բազմաթիվ ահազանգերին, Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումներին, Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի, առանձին երկրների բանաձևերին, գործադիր մարմինների, միջազգային հանրության կոչերին, մենք բոլորս անկարող եղանք կանխելու Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները:
Հարձակումը հաջորդեց ավելի քան ինն ամիս տևած Լաչինի միջանցքի շրջափակմանը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին ու մնացած աշխարհին կապող միակ ճանապարհն էր: Շրջափակումն ազդում էր էլեկտրականության, գազի, սննդամթերքի ու դեղորայքի մատակարարումների, հրատապ բուժօգնության վրա: Արդարադատության միջազգային դատարանը երկու որոշում ընդունեց շրջափակումը վերացնելու և Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ, սակայն Ադրբեջանն այդ որոշումներն այդպես էլ չկատարեց: Սա էթնիկ զտումների նախերգանքն էր, որն իր նպատակին հասավ հաջորդած օրերին:
Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդն ամեն ինչ արեցին, որպեսզի ընդունեն ու կացարանով ապահովեն Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100.000 հայերին: Մենք կարողացանք նրանց ընդունել հայ ժողովրդի և ժողովրդավարության շնորհիվ:
Ժողովրդի, քանզի մարդիկ երբեմն չէին էլ սպասում, թե Կառավարությունն ինչ կանի: Նրանք իրենց բռնահանված հայրենակիցներին ապահովում էին անհրաժեշտ պարագաներով ու ժամանակավոր կացարանով: Ժողովրդավարությամբ, քանզի դրա և բաց տնտեսության ու չկոռումպացված կառավարության շնորհիվ մենք ունեցանք բավարար տնտեսական աճ` որպեսզի աջակցենք ԼՂ 100.000 բնակիչներին:
Մենք երախտապարտ ենք մեր միջազգային գործընկերներին, որոնք արդեն իսկ արել կամ շարունակում են հատկացումներ կատարել, որոնք նպատակ ունեն հաղթահարել ԼՂ հայերի բռնի տեղահանության պատճառով առաջացած մարդասիրական ճգնաժամը:
Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի մոտ 150 քառակուսի կմ տարածք դեռևս շարունակում է գրավված մնալ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով:
Հայաստանն իր հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ չունի, Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության օրակարգին: Հայաստանի դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա հիմնված խաղաղ հարաբերությունների հաստատումն է:
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մեկը մյուսի համար բացեն իրենց ճանապարհները, պետք է գործեն սահմանային և այլ համապատասխան վերահսկողական ծառայություններ, որոնք հիմնված կլինեն երկրների իրավազորության, ինքնիշխանության և օրենսդրության վրա: Դա պետք է արվի փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա` արևելքից արևմուտք, Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, հյուսիսից մինչև հարավ, Պարսից ծոցից մինչև Սև ծով: Այդ նախագիծը մենք կոչում ենք «Խաղաղության խաչմերուկ»:
Հայաստանը պատրաստ է ապահովել բեռների, փոխադրամիջոցների, մարդկանց, խողովակաշարերի և հոսանքագծերի անվտանգությունն իր տարածքում, քանզի «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է նաև խողովակաշարերի ու հոսանքագծերի անցում: Մենք միջազգային գործընկերներին կոչ ենք անում մասնակցել այս մեծամասշտաբ նախագծին:
Մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգն այլընտրանք չունի: Մենք հանձնառու ենք խաղաղության ուղուն` հասնելու համար կայուն և հարատև խաղաղության: Մենք հաստատակամ ենք մեր ընտրության հարցում և ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը:
Շնորհակալություն ուշադրության համար»: