Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում թղթային փաստաթղթաշրջանառության ծավալները նվազեցնելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային միջավայր: Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգում (ARPIS) և Կադաստրի կոմիտեի e-cadastre.am էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում:
Ըստ հիմնավորման՝ Կադաստրի կոմիտե անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գույքի տեղեկատվության տրամադրման համար դիմումների հետ ներկայացվում են փաստաթղթեր։ Փաստաթղթերը տեսաներածվում և պահպանվում են ARPIS տեղեկատվական համակարգում։ Փաստաթղթերը ներկայացվում են տարբեր եղանակներով՝ առցանց, վեբսերվիսների, սպասարկման գրասենյակների միջոցով և մուտքագրվում են տարբեր եղանակներով և որակով։ Քաղաքացիները ստիպված են լինում տարբեր մարմիններից հավաքագրել փաստաթղթեր և թղթային եղանակով ներկայացնել Կադաստրի կոմիտե։ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով՝ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, ինչպես նաև հողը քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում լինելու կամ չլինելու մասին տեղեկանքը, հողի և շինության նպատակային կամ գործառնական նշանակությունը սահմանելու կամ փոփոխելու վերաբերյալ որոշումները անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնում են դրանք կազմած, հաստատած կամ վավերացրած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, նոտարները՝ էլեկտրոնային եղանակով: Ուստի կարիք է առաջացել մշակելու համապատասխան միջավայր, որը կապահովի նշված փաստաթղթերի մուտքագրումն էլեկտրոնային եղանակով:
Շինարարության թույլտվության ժամկետն ավարտված կամ երկարաձգված շինությունները նույնականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել e-cadastre.am հարթակում ստեղծել ենթաբաժին, որը հնարավորություն կտա ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին շինարարության թույլտվությունները տրամադրելուց հետո՝ դրանց վերաբերյալ համապատասխան փաստաթղթերն ու տվյալները մուտքագրելու առցանց գրասենյակում։ Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգում (ARPIS) ստեղծվել է նաև հասցեների նոր շտեմարան, որում պետք է մուտքագրվեն հասցեները: