Քրեական ոստիկանության թմրամիջոցերի անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով Արաբկիրի գործընկերների հետ, հոկտեմբերի 4-ին թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել են Երևանի բնակիչ, 30, 33 ու 35 տարեկան երեք տղամարդու և, վերջինիս վարած «Նիսանով» հանդերձ, տեղափոխել Արաբկիրի բաժին:
»Անձնական խուզարկությամբ 33-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեցին մեթամֆետամին, մարիխուանա և ծալովի դանակ, իսկ 30-ամյա երիտասարդի մոտ` մեթամֆետամին: Երեքն էլ կազմված փաստաթղթերով ներկայացվեցին Արաբկիրի քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռվեց քրեական վարույթ:
Վարույթի շրջանակում շարունակվեցին համատեղ միջոցառումները` թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 10:30-ին, մայրաքաղաքի պարեկների աջակցությամբ Աշտարակի խճուղում կանգնեցվեց «Շեվրոլե» մակնիշի մի մեքենա: Թմրանյութ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեցին և, մեքենայով հանդերձ, Արաբկիրի բաժին տեղափոխվեցին Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 34 և 32 տարեկան եղբայրներ: Ավագ եղբոր անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ: Նույն օրը դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նաև Քասախ գյուղի նրա առանձնատանը. հայտնաբերվեցին մոտ 30 գրամ մարիխուանա, 3,67 գրամ մեթամֆետամին, նաև` ինքնաձիգի երկու փամփուշտ:
Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են»,- ասվում է տեղեկատվության մեջ: