Կառավարության նիստից հետո լրագրողները ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ԼՂ-ից եկած քաղաքացիները չեն կարող այստեղ աշխատանքի անցնել պարեկային ծառայությունում։
«Պետք է կարողանա ստանալ ՀՀ քաղաքացիություն, որովհետև օրենսդրական պահանջներն այդպիսին են. դրանից հետո արդեն առանց որևէ խոչընդոտի կարող է աշխատել»,- ասաց Արփինե Սարգսյանը։
Իսկ կապույտ անձնագիրը, ՆԳ նախարարի տեղակալի խոսքով, տրամադրվել է ԼՂ մեր հայրենակիցներին որպես ճամփորդական փաստաթուղթ, որպեսզի տարածքից դուրս գալու հետ կապված որևէ խնդիր չառաջանա։ «Ուզում եմ նշել, որ կապույտ անձնագրերը քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր չեն։ Սա ամրագրված է նաև Եվրոպական դատարանի վճիռներով»,- ասաց նա։
Անդրադառնալով ԼՂ ներկայացուցչության շենքի պաշտպանության վերաբերյալ մտահոգություններին՝ Արփինե Սարգսյանը նշեց. «Ոստիկանությունը ցանկացած շենքի պահպանության նկատմամբ միևնույն ռեժիմն է, ըստ էության, իրականացնում, որևէ գնահատական այդ մասով, ասել, որ լավ էր կամ վատ էր, ես խնդրում եմ նման գնահատականներ չհնչեցնել. ոստիկանության մեր ծառայողներն այնտեղ ևս հասարակական կարգ և անվտանգություն են ապահովել և իրենց առջև դրված խնդիրը պատշաճ կերպով իրականացրել են»։
Խոսելով վարչական իրավախախտումների համար ԼՂ մեր հայրենակիցներից գանձվող տուգանքների մասին՝ նա նշեց, որ, հաշվի առնելով տեղահանման փաստն ինքնին և մեր հայրենակիցների հուզական վիճակը, ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով տարբեր դրսևորումները և երթևեկության կանոններին ոչ այնքան լավ տիրապետելը՝ որոշում է կայացվել, որ ՀՀ մուտք գործելուց հետո մինչև երեկ՝ հոկտեմբերի 25-ը կայացրած վարչական պատասխանատվության բոլոր որոշումները՝ բոլոր տուգանքները, ըստ էության, օրենքի շրջանակներում կբեկանվեն ոստիկանության պետի համապատասխան հրամանի շրջանակներում։ «Հետևապես մեր հայրենակիցները որևէ խնդրի առջև չեն կանգնի մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ կայացված վարչական պատասխանատվության միջոցների մասով»,- ընդգծեց ՆԳ նախարարի տեղակալը։