«ՀՀ-ում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրի շրջանակում պետբյուջեի միջոցների հաշվին դպրոցների և կրթահամալիրների կառուցման (վերակառուցման) գործընթացում կսահմանվեն գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ: Նախագիծը նպատակաուղղված է պետական գնումների շրջանակում իրականացվող շինարարական ծրագրերը շինարարական ընկերությունների համար ավելի գրավիչ դարձնելուն: Այդ մասին որոշումը Կառավարության՝ հոկտեմբերի 26-ի նիստին ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:
«Փոքրաքանակ համակազմ ունեցող հաստատությունների համար կառուցվելու են կրթահամալիրներ, իսկ այն դպրոցների համար, որոնց աշակերտական համակազմը մեծ է, կառուցվելու են դպրոցների նոր շենքեր: Ծրագրի շրջանակներում արդեն ընտրված է և ՀՀ կառավարության որոշումներով հաստատվել են թվով 170 հաստատություն, այդ թվում՝ 70 կրթահամալիր և 100 դպրոց»,- ասաց Ղուլարյանը:
Ծրագրով նախատեսված շինարարական ծրագրերը նախատեսվում է իրականացնել մինչև 2026 թվականը: Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, ժամկետները, ծավալները և պետական գնումների կազմակերպման համար գործող օրենսդրությունը՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանելու որոշակի առանձնահատկություններ, որոնք թույլ կտան ավելի պարզ և գրավիչ դարձնել մրցութային գործընթացը մասնակից շինարարական ընկերությունների համար՝ միաժամանակ ապահովելով պատվիրատուի համար անհրաժեշտ երաշխիքներ:
Այսպես՝ նախագծով նախատեսվում է, որ կապալառուն է ապահովում նախագծանախահաշվային փաստաթղթերի տեղակապման աշխատանքների կատարումը, ինչը թույլ կտա խնայել ժամանակը: Կապալառուների հետ կնքվելիք պայմանագրերը լինելու են գործոնային: Կապալառուին վճարվող կանխավճարի հաշվարկման և մարման մասով նույնպես առանձնահատկություններ են սահմանված: Կպահպանվի ենթակապալի ինստիտուտը, սակայն կսահմանվեն որոշակի սահմանափակումներ, օրինակ՝ ենթակապալով կարող է իրականացվել շինարարական աշխատանքների ոչ ավելի, քան 30%-ը: Նախագծով տարանջատվում է նաև մասնակցից պահանջվող փաստաթղթերի կազմը Հայաստանի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հանդիսացող մասնակիցների համար:
Անդրադառնալով որոշմանը՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, թե ինչու է այն կարևոր: Նա նախ տեղեկացրեց, որ մինչև 2026 թվականը պետք է ավարտին հասցնեն Կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոցների շինարարությունը: 2024-26 թթ. այդ տեսանկյունից կարևոր նշանակություն են ունենալու, քանի որ այդ ընթացքում պետք է սկսեն և ավարտեն 170-ի շինարարությունը:
«Դա նշանակում է, որ արդեն առաջիկա շաբաթների ընթացքում մեծ ծավալի աշխատանք կկատարենք, հայտարարենք մրցույթներ, ընտրենք կապալառու կազմակերպություններին և այդ պայմանագրերը արդյունավետ ձևով կառավարելով՝ երաշխավորենք, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում նախատեսված շինաշխատանքներն ամբողջ ծավալով և որակով իրականացնեն:
Հետևաբար ֆինանսների նախարարության, ՏԿԵՆ-ի և մյուս գործընկերների հետ մանրամասն քննարկել ենք, թե ինչ խոչընդոտներ կան գնման ընթացակարգերում, որոնք հաճախ դանդաղեցնում են աշխատանքների ընթացքը, և դուրս ենք բերել այն ռիսկերը, որոնք կարող են լինել նման պայմանագրերի կատարման դեպքում»,- ասաց նա, ապա հավելեց, որ ելակետը բոլոր սուր անկյունները հարթելն է, որպեսզի դպրոցաշինության աշխատանքները չվտանգվեն:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ ընդունված որոշումների մարդկային կողմին:
«Մեր որոշումները վերաբերում են շուրջ 100 հազար երեխայի, և այս որոշումների ու մեր աշխատանքների որակից կախված՝ մենք երեխաների համար ստեղծում ենք անվտանգ, հարմարավետ և ժամանակակից պայմաններ՝ իրենց կրթությունը ստանալու: Կարծում եմ՝ ավելի քան կարևոր է, որ դրանք իրականացնենք ժամանակին և պատշաճ որակով: Եկող տարվա համար ունենք պլանավորված 234 դպրոցներում աշխատանքներ, որոնցից 159-ը դպրոցներ են, 75-ը կրթահամալիրներ, և 283 մանկապարտեզներում: Սա ահռելի ծավալ է»,- ասաց Անդրեասյանը: