Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրատապ քննարկում է անցկացրել և ընդունել է հռչակագիր «Հումանիտար իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» թեմայով:
«Կոնգրեսը խստորեն դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունը և դրան նախորդած տասը ամիս տևած շրջափակումը, որը հանգեցրել է ծանր հումանիտար իրավիճակի, զգալի մարդկային կորուստների և ավելի քան 100 000 մարդու՝ Հայաստան արտագաղթելու»,- նշված է հռչակագրի տեքստում:
Կոնգրեսն ափսոսանք է հայտնել հումանիտար լուրջ հետևանքների կապակցությամբ և կոչ արել Ադրբեջանի իշխանություններին ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա վատթարացման:
Կոնգրեսը նաև լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանի իշխանություններին, որոնք ընդունել են Լեռնային Ղարաբաղից ժամանած մարդկանց, և եվրոպական երկրներին կոչ է արել անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել:
Կազմակերպությունը Բաքվին հորդորել է նաև ազատ արձակել «Ղարաբաղի բոլոր ներկայացուցիչներին»: