The Wall Street Journal-ի լրագրողը, մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե ինքը և Հայաստանի ժողովուրդը հարցեր ունեն ռուսական զորքերի, Ռուսաստանի պահվածքի վերաբերյալ, հետաքրքրվել է` ի՞նչ հարցերի մասին է խոսքը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.
«Արդեն ասացի: Նախ` Ձեր հարցին անդրադառնալով՝ արդեն նշեցի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործողությունների հետ կապված, 2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործողությունների կամ ավելի ճիշտ՝ անգործության վերաբերյալ: Նույն հարցը վերաբերում է Ռուսաստանի և Հայաստանի անվտանգային ոլորտի երկկողմ պայմանագրերին: Բայց ուզում եմ նաև Ձեր ուշադրությունը հրավիրել մի նրբության վրա, որ մենք այս հարցերի շուրջ խոսակցություն, երկխոսություն սկսել ենք: Այսինքն՝ այնպես չէ, որ այդ խոսակցությունը տեղի չի ունենում: Այսօր էլ է տեղի ունենում այդ խոսակցությունը, ես էլ եմ առիթ ունեցել այդ թեմայով խոսելու, մեր տարբեր գործընկերներ խոսում են, և այդ խոսակցությունը կշարունակվի, որովհետև այստեղ իսկապես շատ կարևոր է, որ մենք Ռուսաստանին և Ռուսաստանը մեզ ավելի լավ և ավելի ճիշտ հասկանա»:
The Wall Street Journal-ի լրագրողը հետաքրքրվել է` հաշվի առնելով ՀԱՊԿ-ի՝ իր ֆունկցիաների թերակատարման փաստը, ինչի մասին նշում է ՀՀ վարչապետը, ինչո՞ւ է Հայաստանը շարունակում մնալ այդ կազմակերպության անդամ։
«Հենց նույն պատճառով մենք հարցերի քննարկման փուլում ենք, որովհետև չենք ուզում որևէ հարցում սխալ հասկացած լինենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, և չենք ուզում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որևէ հարցում սխալ հասկացած լինի մեզ: Դրա համար պետք է հետևողական աշխատանք տանենք, մինչև կհասունանա որևէ եզրակացություն անելու պահը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողը շեշտել է` միջազգային իրավիճակն ակնհայտորեն փոփոխվել է վերջին երեք տարիներին. Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանը և ԱՄՆ-ը իր դաշնակիցների հետ միասին հակառակ բևեռներում են, ապա հարց ուղղել.
«Ըստ Ձեզ` Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ի՞նչ ազդեցություն է ունեցել Հայաստանի անվտանգային միջավայրի վրա»։
Վարչապետն արձագանքել է. «Իմ համոզմունքն այն է, որ տեղի ունեցող բոլոր իրադարձությունները փոխկապակցված են ներքին կապերով, այդ թվում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում: Իհարկե, այդ ազդեցությունները շատ ուղիղ և հիմա՝ ժամանակակից աշխարհում, զգացվում են, տեսանելի են և զգալի են նույնիսկ հազարավոր կիլոմետրերով հեռու, բայց այն իրադարձությունները, որոնք Դուք նշում եք՝ տեղի են ունենում մեր տարածաշրջանում, մեր տրանսպորտային ուղիների մերձակայքում կամ մեր տրանսպորտային ուղիների վրա:
Բայց նաև իրադարձությունների մեր արձագանքն այն է, որ մեր տարածաշրջանին անհրաժեշտ է խաղաղություն, և մենք կարևոր ենք համարում այդ քաղաքականության հետևողական վարումը, որովհետև տեսեք՝ շատ կարևոր մի նրբություն, որը ես՝ նորից Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում, արձանագրեցի, որովհետև երբեմն դա կարող է և չնկատվել, կամ չարձանագրվել, կամ չֆիքսվել: Երբ ասում ենք՝ մենք խաղաղության օրակարգ ունենք, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը կարող է խաղաղ լինել, եթե խաղաղ է մեր տարածաշրջանը, չի կարող այնպիսի իրավիճակ լինել, որ մեր տարածաշրջանը խաղաղ չէ, բայց Հայաստանի Հանրապետությունը խաղաղ է: Եվ դրա համար խաղաղության մեր պատկերացումները որևէ կերպ չենք հակադրում և չենք տարանջատում խաղաղության տարածաշրջանային շահերին: Եվ սա շատ կարևոր ձևակերպում է, շատ կարևոր առանձնահատկություն է, որը ես կուզենայի ընդգծել»: