Ընդհանուր առմամբ` Ադրբեջանի և Նախիջևանի կապի վերաբերյալ առանձին վերցրած օրակարգ գոյություն չունի: The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով լրագրողի հարցին, թե վարչապետը «խոսում է փոխկապակցվածության մասին, ինչը, ենթադրաբար, ներառում է նաև տրանզիտ Ադրբեջանից դեպի Նախիջևան։ Առկա համաձայնություններով նախատեսվում է, որ Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայությունը կառավարի այդ երթևեկությունը։ Կարծում եք՝ ԱԴԾ-ն իսկապե՞ս պետք է այստեղ դերակատարում ունենա, թե՞ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն, առանց Ռուսաստանի ներգրավվածության կարող են այդ հարցը լուծել»։
Փաշինյանը նշել է. «Նման օրակարգ գոյություն ունի տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում, երբ պետք է տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացվեն: Սա՝ երկրորդ: Երրորդ՝ որևէ տեղ գրված չէ, որ Ռուսաստանի Դաշնության որևէ մարմին Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի վրա պետք է ունենա վերահսկողություն: Որևէ տեղ գրված չէ, որ Հայաստանի Հանրապետությունը համաձայն է կամ նախատեսված է Հայաստանի Հանրապետության որևէ սուվերեն իրավունքի կրճատման կամ սահմանափակման: Որևէ տեղ գրված չէ, որ Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներին վերապահվող որևէ գործառույթ պետք է պատվիրակվի որևէ այլ մեկի: Որևէ տեղ գրված չէ և նախատեսված չէ, նման բան չի եղել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ինչ-որ ուրիշ մեկը պետք է ապահովի անվտանգություն: Այդպիսի բան գրած չի եղել:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ձախողումից հետո շատ հարցեր են առաջանում, և այդ հարցերը լեգիտիմ են, որովհետև ձախողում ասելով՝ ես նկատի ունեմ, որ փաստ է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը: Այստեղ շատ լուրջ հարցեր են առաջանում, բայց մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության որևէ սուվերեն իրավունքի սահմանափակման մասին որևէ տեղ երբևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ:
Բայց մյուս կողմից՝ ուզում եմ ասել, որ ինչպես արդեն Եվրոպական խորհրդարանի ամբիոնից ասացի, և ինչպես մենք արդեն պայմանավորվել ենք Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ, և որն արտահայտված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ հուլիսի 15-ի հայտարարության մեջ, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության հիման վրա:
Արդյոք դրա արդյունքում Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է Նախիջևանի հետ տրանսպորտային կապ ունենան, այդ թվում՝ Հայաստանի տարածքով: Այո, իհարկե: Արդյոք Հայաստանի Հանրապետությունն այդ նույն ուղիները կարող է օգտագործել իր տարբեր հատվածների միջև, օրինակ, երկաթուղային կապ ապահովելու համար: Այո, իհարկե: Արդյոք Ադրբեջանն այդ պարագայում կարո՞ղ է օգտագործել Հայաստանի տրանսպորտային ուղիները միջազգային առևտրի համար: Այո, իհարկե: Արդյոք Հայաստանը պիտի հնարավորություն ունենա՞ օգտագործել Ադրբեջանի ճանապարհները միջազգային առևտրի համար: Այո, իհարկե: Արդյոք միջազգային առևտրի մասնակիցները պիտի հնարավորություն ունենա՞ն Հայաստանի տարածքով իրենց առևտուրն իրականացնել Թուրքիայի, Իրանի, Վրաստանի հետ՝ որպես գլոբալ առևտրի ճանապարհ: Այո, իհարկե: Եվ մենք այս առաջարկն անում ենք, մենք այս լուծմանը պատրաստ ենք, և այդ առաջարկն անվանում ենք «Խաղաղության խաչմերուկ» և հրավիրում ենք մեր բոլոր գործընկերներին միասին իրականություն դարձնել այդ նախագիծը»: