ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հանրապետությունում կարմրուկի հետ կապված իրավիճակին, կարևորեց մեր ազգային օրացույցով սահմանված պատվաստման բոլոր փուլերն անցնելը:
«Մեր իմունիզացիոն ծրագիրն այս պահին արդեն թվայնացված է, և՛ մայրիկները, և՛ պոլիկլինիկայի ամբուլատորիայի աշխատակիցները ավտոմատ կարգով տեղեկացված են լինում իրենց առաջիկա պատվաստումների մասին: Հորդորում եմ ճիշտ ժամանակին ստանալ պատվաստումները, որոնք պաշտպանում են մեր երեխաներին»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ, ցավոք, այսօր ունեցել ենք կարմրուկ ախտորոշմամբ հոսպիտալացված մեկ երեխայի մահվան դեպք:
«Պետք է նշեմ նաև, որ երեխան ունեցել է նաև այլ հիվանդություններ, առողջական խնդիրներ, և կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել»,- ասաց նախարարը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, որի մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: Ժամերի ընթացքում երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, որից հետո արձանագրվել է մահ:
Երեխան կարմրուկի դեմ պատվաստված չի եղել: