ՀԱՊԿ-ի պաշտոնական դաշնակիցները, մասնավորապես` ՌԴ-ն, ինչ պետք է անեին այլ կերպ, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանն արևմտյան դաշնակիցներից: The Wall Street Journal-ի հետ զրույցում այս հարցին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Մենք դրա մասին առաջին անգամ չէ, որ խոսել ենք. այն մասին, որ 2021 թ. նոյեմբերին, 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ է իրականացրել ՀՀ նկատմամբ և տարածքներ է օկուպացրել: Հավաքական անվտանգության պայմանագրում և ՀԱՊԿ կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողությունները, թե ինչ պետք է տեղի ունենա, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում: Նկարագրվածը տեղի չի ունեցել, բնականաբար, դա հիասթափեցնող է թե՛ ՀՀ կառավարության, թե՛ հայ հանրության համար: Նաև ՌԴ-ի հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, դրանում նկարագրված գործողությունները ևս տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել և՛ կառավարության, և՛ հանրության շրջանում: Ինչ վերաբերում է այլ գործընկերների հետ հարաբերություններին՝ անկեղծ կլինեմ` ահա այս իրադրությունները մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք, և մենք հիմա փորձում ենք դա անել»:
Հարցին` Հայաստանում ՌԴ ռազմական ներկայությունը առավելությո՞ւն, թե՞խոչընդոտող հանգամանք է, Փաշինյանը պատասխանեց.
«Գոնե այս պահին իմ նկարագրած դեպքերի շրջանակներում մենք առավելություններ, ցավոք, չենք տեսել»:
Ճշտող հարցին` արդյո՞ք սա նշանակում է, որ պլանավորում է ՌԴ-ից պահանջել հանել ռազմաբազաները ՀՀ-ից, վարչապետն արձագանքեց.
«Մենք նման հարց չենք քննարկել, ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ` ի՞նչն է նման իրադրության պատճառը: Սա նաև ՀՀ և ՌԴ, ՀՀ և ՀԱՊԿ միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»: