Առողջապահության նախարարությունը շաբաթական կտրվածքով կատարում է սուր շնչառական վարակների մոնիթորինգ, այս պահին վարակիչ հիվանդությունների կտրուկ աճ չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ տեսանելի է քովիդի թվերի աճ:
«Նկատում ենք, որ գարնան կամ աշնան ամիսներին քովիդը, ինչպես նաև գրիպը նույն վարքագիծն են դրսևորում, և այս պահին սեզոնային ակտիվացում է դիտվում: Քովիդի շտամների փոփոխություն չի նկատվում: Շրջանառվում է օմիկրոն շտամն իր ենթաշտամներով»,- նշեց Ավանեսյանը՝ ընդգծելով՝ քովիդի ախտանշանները բավական նման են գրիպին՝ քթարտադրություն, կոկորդացավ, հազ, գլխացավեր, ուստի, առանց թեստավորման, մի փոքր դժվար է դրանք միմյանցից տարբերակելը:
Ինչ վերաբերում է քովիդից մահվան դեպքերին, նախարարը նկատեց՝ գրիպից էլ են գրանցվում տարեկան մահվան դեպքեր, և եթե անձն ունի առողջական լուրջ խնդիրներ և ճիշտ ժամանակին չստանա պատճաշ բուժօգնություն, կարող են գրանցվել նաև մահվան դեպքեր:
Հարցին՝ արդյոք առկա՞ է բավարար քանակությամբ գրիպի դեմ պատվաստանյութ, նախարարը վստահեցրեց՝ պաշարները համալրվել են, և այս պահին պատվաստանյութի պակաս չկա:
«Հորդորում եմ օր առաջ պատվաստվել գրիպի դեմ, որովհետև այս ընթացքն ամենաճիշտ շրջանն է պատվաստվելու և պաշտպանված լինելու: Ինչպես գիտեք՝ գրիպի դեմ պատվաստանյութերն ամեն տարի են մշակվում՝ համապատասխանեցվելով ամեն տարի շրջանառվող ամենավտանգավոր շտամներին, և քրոնիկ հիվանդները, 65 տարեկանից բարձր անձինք և մինչև 12 տարեկան երեխաները ռիսկի խմբում են, ուստի շատ կարևոր է պատվաստվել»,- ասաց նախարարը:
Ավանեսյանը տեղեկացրեց՝ պատվաստանյութը եվրոպական արտադրության է և գործում է գրիպի 4 շտամների դեմ: