Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 25-ի հերթական նիստի ժամանակ քվեարկության դրվեցին և ընդունվեցին նախորդ օրվանից առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրենքների նախագծերը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ քվեարկությունից հետո օրենսդիրները կշարունակեն քննարկել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը, որն ընդհատվել էր եզրափակիչ ելույթների փուլում:
Քվեարկության դրվեց Կառավարության ներկայացրած՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Այն ընդունվեց 67 կողմ, 24 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ հիմնական զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հիշեցրել էր՝ հարցն արդեն անցել է մեկ ընթերցում, և կատարվել է մեկ ավելացում՝ «պաշտոնաթող վարչապետ» բառն ավելացնելու հետ կապված:
Ի հավելումն՝ հարակից զեկուցող, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը մանրամասնել էր՝ հանձնաժողովը երկրորդ ընթերցմանն ընդառաջ մեկ փոփոխություն է ավելացրել արդեն իսկ հավանության արժանացած փոփոխություններին, այն է՝ օդանավակայանի հատուկ սրահից կարող է օգտվել նաև պաշտոնաթող վարչապետը և այն ընդգծմամբ, որ այս կարգավորումը վերաբերում է միայն 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետներին:
Առաջարկվող լրացմամբ ամրագրվում է, որ ՀՀ օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, ՀՀ պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաև այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների և ՀՀ պաշտոնատար անձանց ցանկը սահմանվում է վարչապետի որոշմամբ: Նշված օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից կկարողանան օգտվել նաև պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում էին նաև «Պետական տուրքի մասին» օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումները:
Օրենսդիրները քննարկեցին նաև Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Այն ընդունվեց կողմ՝ 67, դեմ՝ 31, ձեռնպահ՝ զրո, ձայների հարաբերակցությամբ: